Դատարանը կալանքի տակ թողեց Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաեւին

Armenpress 12:02, 16 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի դատարանը փակ նիստում չի բավարարել երկրի ձերբակալված նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի նկատմամբ խափանման միջոցը փոխելու պաշտպանության խնդրանքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 16-ին լրագրողներին հայտնել Է նրա փաստաբան Սերգեյ Սլեսարյովը:

Բիշքեկի քաղաքային դատարանի նիստը՝ նվիրված Աթամբաեւի փաստաբանի կողմից նրա ձերբակալման որոշման գանգատարկմանը, տեղափոխվել Էր Ղրղզստանի անվտանգության պետական կոմիտե: Աթամբաեւին կասկածում են մի քանի ծանր հանցագործությունների մեջ, այդ թվում՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ օգոստոսի 7-8-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ սպանության փորձի, ինչպես նաեւ կոռուպցիայի մեջ՝ Բիշքեկի ջերմաԷլեկտրակենտրոնն արդիականացնելիս եւ ջերմակենտրոնին ածուխ մատակարարելիս: Բացի այդ, պետության նախկին ղեկավարին կասկածում են անօրինական հարստացման, փողերի լվացման եւ լեռնարդյունահանման ճյուղում թույլատրագրեր տալիս կոռուպցիայի մեջ: Նաեւ Աթամբաեւին վերագրում են Բիշքեկում «Ֆորում» շենքի անօրինական սեփականաշնորհումը, որտեղ գտնվում են նրա կողմից հիմնված Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կենտրոնակայանը եւ նրան պատկանող «Ապրիլ» հեռուստաալիքը, ինչպես նաեւ Կոյ-Տաշ գյուղում անօրինականորեն հողամաս ձեռք բերելը: Բացի այդ, նախկին նախագահին կապում են վեց տարի առաջ քրեական հեղինակություն Ազիզ Բաթուկաեւի անօրինական ազատման հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am