«Վարչապետն է Ձեր զբոսավարը» ճանաչողական արշավի մեկնարկը տրված է

Armenpress 10:23, 16 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՈՆՊՐԵՍ: ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ մեկնարկել է «Վարչապետն է Ձեր զբոսավարը» արշավը։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  օգոստոսի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալեց Նիդերլանդերից և Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկներին՝ նրանց ներկայացնելով Երևանի զբոսաշրջային գրավչությունները։ 

Ընդ որում, 2 տասնյակից ավելի զբոսաշրջիկների համար անակնկալ էր ինչպես այցելությունների երթուղին,  այնպես էլ «ուղեկցող զբոսավարը»։ Խումբը վարչապետի ուղեկցությամբ զբոսաշրջային  ավտոբուսով շրջայց կատարեց Երևանի զբոսաշրջային հանգույցներում՝ Զբոսաշրջության կոմիտեի կողմից նախօրոք նախագծված երթուղով։

Վերջին կանգառը ՀՀ կառավարության մասնաշենքն էր, որտեղ վարչապետի ուղեկցությամբ խումբը ծանոթացավ ճարտարապետական կառույցին։ «Հայաստանի գինեգործների և խաղողագործների հիմնադրամ»-ի կողմից հատուկ հյուրերի համար կազմակերպվեց հայկական գինիների համտես: Շրջայցի ավարտին վարչապետը հյուրերին նվիրեց հատուկ փաթեթներ` Հայաստանի մասին ճանաչողական նյութերով և հուշանվերներով: Հուշանվերների շարքում խորհրդանշական էին հատուկ այս առիթով պատրաստված կրծքանշանները` «Վարչապետն է Ձեր զբոսավարը» գրությամբ, որը օրվա յուրահատուկ հուշ կդառնա զբոսաշրջիկների համար:

Ակցիայի արդյունքում կստեղծվի «Վարչապետն է Ձեր զբոսավարը» գովազդային հոլովակը, որը լայն տարածում ստանալով`  հնարավորություն կտա բարձրացնելու Հայաստանի մասին զբոսաշրջիկների իրազեկվածության մակարդակը և խթանելու Հայաստանը օտարեկրյա զբոսաշրջիկների շրջանում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am