1000х90.jpg (78 KB)

Նախկին նախարարի վարորդին մեղադրանք է առաջադրվել

Armenpress 21:27, 15 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշվի առնելով ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի վարորդն ու օգնականը հանդիսացած Արամ Բարսեղյանի և մյուսների կողմից ՀՀ պետական բյուջեի միջոցներից խոշոր և առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով վերջին օրերին սոցիալական ցանցերի առանձին օգտատերերի կողմից տարածած անհիմն հայտարարություններն Արամ Բարսեղյանի նկատմամբ իբր քաղաքական հետապնդում իրականացվելու վերաբերյալ, ինչպես նաև կարևորելով հանրության` անաչառ և ամբողջական տեղեկատվություն ստանալու իրավունքը, Հատուկ քննչական ծառայությունն անհրաժեշտ է համարում հայտնել հետևյալը:

«Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՔԾ-ի հայտարարությունն ամբողջությամբ.

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող հիշյալ քրեական գործի շրջանակներում ձերբակալված Արամ Բարսեղյանին 2019թ. օգոստոսի 15-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով /2 դրվագ/ և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ նա 2009-2016թթ-ին, զբաղեցնելով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի վարորդի, այնուհետև՝ օգնականի պաշտոնները, օգտագործելով իր ունեցած ծառայողական դիրքը և դրանից բխող ազդեցությունն ու կապերը, 2009-2016թթ-ին «Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում ապօրինի ձևակերպվել է որպես պահակ և բանվոր, 2011-2016թթ-ին ՀՀ ԿԳՆ «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում՝ որպես վարորդ, իսկ 2016թ.-ի մարտ ամսից՝ Ա.Աշոտյանի աշխատանքից ազատվելուց հետո, վերջինիս միջնորդությամբ 2016-2017թթ-ին որպես վարորդ է ձևակերպվել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ում:

2009-2017թթ-ի ընթացքում Ա. Բարսեղյանը, ձևակերպված լինելով վերոնշյալ հաստիքներում, որևէ անգամ աշխատանքի չի հաճախել, այլ շարունակել է կատարել Ա. Աշոտյանի օգնականի և վարորդի պարտականությունները, ընդհանուր առմամբ ստացել է 8.734.118 ՀՀ դրամ գումար, ինչով օժանդակել է ՀՀ պետական բյուջեից տրամադրված միջոցներից հիշյալ ՊՈԱԿ-ների ղեկավարների կողմից խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարների վատնմանը:

Առաջադրված մեղադրանքում Արամ Բարսեղյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, խոստովանել իր կողմից կատարված հանցանքը, զղջացել կատարածի համար, ամբողջությամբ վերականգնել պետությանը պատճառված նյութական վնասը:

Հաշվի առնելով նշված հանգամանքները, վարույթն իրականացնող մարմինը եկել է եզրահանգման, որ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելու հիմքեր առկա չեն, ուստի Արամ Բարսեղյանն ազատվել է արգելանքից և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում հանցագործությունների կատարմանը ներգրավված անձանց ողջ շրջանակը պարզելու ուղղությամբ:

Հատուկ քննչական ծառայությունը հորդորում է ձեռնպահ մնալ քրեական գործերի վերաբերյալ սոցիալական ցանցերով և զանգվածային լրատվության միջոցներով անպատասխանատու, քաղաքական նպատակներ հետապնդող հայտարարություններ տարածելու արատավոր գործելաոճից:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am