1000х90.jpg (78 KB)

Ինտեգրված կադաստրը ոլորտային կադաստրերի մեկտեղմամբ կստեղծի միասնական պետական համակարգ

Armenpress 19:15, 15 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ անցկացվել է Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգից բխող միջոցառումների աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փոխվարչապետի գրասենյակից, Տիգրան Ավինյանն ասել է, որ Ինտեգրված կադաստրը ոլորտային կադաստրերի մեկտեղման միջոցով կստեղծի միասնական պետական համակարգ։ Ինտեգրված կադաստրի ստեղծման և ներդրման նպատակն է Հայաստանի Հանրապետության, նրա առանձին վարչատարածքային միավորների, կառավարման համակարգի առանձին ճյուղերի խնդիրների լուծման ժամանակ կառավարման մարմիններին համակարգված տեղեկատվություն տրամադրել:

Փոխվարչապետն ընդգծել է, որ համակարգի շնորհիվ կկրճատվեն ծախսերը և պահանջվող ժամանակը, կունենաք փոխվերահսկելիություն ապահովող մեխանիզմ։ Ինտեգրված կադաստրի համակարգը կադաստրային քարտեզների, Հայաստանի տարածքի օդալուսանակարահանման և արբանյակային լուսանկարահանման արդյունքում ձևավորված տվյալների հիման վրա տարածական տվյալներ կտրամադրի կառավարման մարմիններին, որի արդյունքում հնարավոր կլինի հիմնավորված և օպերատիվ որոշումներ կայացնել։

Փոխվարչապետը նաև կարծիք է հայտնել, որ ինտեգրված կադաստրը կարող է զգալիորեն նպաստել տնտեսական ու տարածքային զարգացմանը:

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն առավել մանրամասն անդրադարձել է Ինտեգրված կադաստրի հայեցակարգին և դրանից բխող միջոցառումների հետ կապված առաջիկա անելիքներին:

Նիստի մասնակիցները նաև քննարկել են հայեցակարգին վերաբերող տարբեր հարցեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am