Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին

Armenpress 17:21, 15 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանն օգոստոսի 15-ին  ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, հանդիպման սկզբում կողմերն անդրադարձ են կատարել ՄԱԿ-ի կենտրոնակայանում հուլիսին կայացած Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նստաշրջանին Հայաստանի մասնակցությանը:

Քննարկվել են կայուն զարգացման նպատակների ազգայնացման գործընթացի համակարգմանը վերաբերող հարցեր: Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ կառավարությունը հանձնառու է կայուն զարգացման նպատակների իրականացմանը՝ այս համատեքստում անդրադարձ կատարելով Հայաստանի երկարաժամկետ զարգացման ու վերափոխման ռազմավարությանը և վերջինիս մեջ կայուն զարգացման նպատակների ունեցած դերին:Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանը դիտարկում է 2020թ. կայանալիք ՄԱԿ-ի Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում կայուն զարգացման նպատակների իրագործման վերաբերյալ Կամավոր ազգային զեկույց ներկայացնելու հնարավորությունը:

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ՄԱԿ համագործակցության շրջանակի փաստաթղթի մշակման գործընթացի մանրամասները և այս առումով կարևորել կառավարության ու մշտական համակարգողի գրասենյակի միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am