1000х90.jpg (78 KB)

Բադասյանի կարծիքով` ՍԴ դատավորների կենսաթոշակի վերաբերյալ նախագիծը բխում է ստեղծված իրավիճակից

Armenpress 17:12, 15 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը չի կիսում այն կարծիքը, թե Սահմանադրական դատարանի մասին օրենքի նախագիծը որպես կաշառք է ընկալվում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 15-ին ՀՀ կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Բադասյանն ընդգծեց, որ նախարարությունն առաջարկում է վաղ կենսաթոշակի սխեմա:

«Ես նման դիտարկում չեմ լսել, որ դա որակվում է որպես կաշառք: Առաջարկվում է վաղ կենսաթոշակի սխեմա է, որը կիրառվել է տարբեր երկրներում։ Դա ընդունված միջոց է անցումային երկրների համար։ Սպասում ենք կառուցողական առաջարկների», - ասաց Բադասյանը:

Նախարարն ընդգծեց, որ ցանկացած պարագայում ՍԴ դատավորը կենսաթոշակ ստանում է, իսկ նախարարության առաջարկն է՝ հրաժարականի դեպքում մինչև 65 տարեկանի հարցը կարգավորել, որը բխում է ստեղծված իրավիճակից:

Լրագրողի հարցին` թե արդյոք սա քաղաքական որոշում է, նախարարը պատասխանեց. «Ցանկացած որոշում իր մեջ քաղաքական տարր է պարունակում։ Դա չի նշանակում կուսակցական, նշանակում է՝ քաղաքական որոշում, որը, բնականաբար, չի կարող դուրս գալ իրավական պետության սկզբունքներից, շրջանակներից և դուրս չի գալիս»:

Ինչ վերաբերում է նախագծի ֆինանսական կողմին, ապա, նախարարի խոսքով, հնարավոր ֆինանսական գնահատականը կլինի նախագծի վերջնականացման փուլում։

«Թե կենսաթոշակները, թե աշխատավարձերը պետք է բարձրացման միտում ունենան, ոչ թե նվազեցման»,- եզրափակեց Բադասյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am