Դեսպան Գրիգորյանը հավատարմագրերն է հանձնել Ուզբեկստանի ԱԳ նախարարին

Armenpress 16:09, 15 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուզբեկստանում ՀՀ դեսպան Արամ Գրիգորյանն (նստավայրը՝ Երևան)  օգոստոսի 14-ին իր հավատարմագրերն է  հանձնել Ուզբեկստանի արտաքին գործերի նախարար Աբդուլազիզ Քամիլովին (Abdulaziz Komilov): 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանձնման արարողությանը հաջորդել է դեսպան Գրիգորյանի և նախարար Քամիլովի առանձնազրույցը, որին ներկա են գտնվել նաև Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների հետ համագործակցության վարչության պետ Ռավշանբեկ Ալիմովը  (Ravshanbek Alimov), մամուլի ծառայության ղեկավար Ադիլբեկ Քայիփբերգենովը (Adilbek Kaipbergenov) և ԱՊՀ երկրների հետ համագործակցության վարչության բաժնի վարիչ Ջահանգիր Ամինովը (Jahangir Aminov):

Ողջունելով ՀՀ դեսպանին՝ նախարար Քամիլովը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել բեղմնավոր աշխատանք: Նախարարն ընդգծել է, որ երկու երկրների միջև մշտապես առկա են եղել բարիդրացիական հարաբերություններ և հույս հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը։ 

Երախտագիտություն հայտնելով ընդունելության համար՝ Արամ Գրիգորյանը նշել է, որ հայ-ուզբեկական հարաբերություններում առկա է չիրացված մեծ ներուժ և վերահաստատել իր հանձնառությունն ակտիվ գործունեությամբ և համատեղ ջանքերով նպաստելու հայ-ուզբեկական հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը:  

Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է երկու երկրների հարաբերություններում Ուզբեկստանի հայ համայնքի կամրջող դերը։ Դեսպան Գրիգորյանը և նախարար Քամիլովը անդրադարձել են նաև երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությանն ու ապակենտրոնացված համագործակցության կարևորությանը։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am