Ֆելիքս Ցոլակյանը Վարչապետին ներկայացրեց Սյունիքի մարզի անտառում բռնկված հրդեհի իրավիճակը

Armenpress 15:57, 15 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհի մերձակա անտառում բռնկված հրդեհի հետ կապված իրավիճակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` օգոստոսի 15-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստում Ցոլակյանը հայտնեց, որ գիշերը լրացուցիչ ուժեր են ուղարկվել հրդեհի վայր:

«Իրավիճակն այսպիսին է` այդ գիհիները տակից վառվում են, դա աննկատելի է, անընդհատ կրակը տեղ-տեղ դուրս է գալիս: Մեկ օջախը հանգցնում են, երկրորդ օջախն է առաջանում: Այնտեղ երեկ մոտ 2 հա տարածություն էր վառվում: Այդ տարածության դիմացը ճանապարհով փակել են: Մեր աշխատակիցները ինձ վստահեցնում են, որ մինչև ժամը 16:00-ն իրենք կպահեն, ոչինչ չի լինի, բայց դրանից հետո կերևա, թե ինչ շարունակություն է լինելու: Դա կապված է եղանակի տաքացման հետ, և շատ վտանգավոր է քամի լինելու հանգամանքը: Տարածման վտանգը միշտ կա»,- նշեց Ցոլակյանը:  

Անդրադառնալով խնդրին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բուսածածկ տարածքների հրդեհները նախորդ տարվա համեմատ աճել են 83,9 տոկոսով: 

«Այստեղ կա երկու ուղղություն: Առաջինը՝ մեր հայրենակիցներին կոչ անել, որ բնության միջավայրում գտնվելու ընթացքում ցուցաբերեն պատասխանատվություն: Այս մշակույթը մեզ մոտ պրոբլեմատիկ է՝ սկսած շշեր թափելուց: Պետք է օպերատիվ աշխատանք տանել այս ուղղությամբ,  որովհետև երբեմն կարծիքներ են հնչում, թե հրդեհները հատուկ են արվում, ինչ-ինչ նպատակներով: Այստեղ Ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը պետք է օպերատիվ աշխատանք իրականացնեն»,- ասաց Վարչապետը:

Գործադիրի ղեկավարը նշեց նաև, որ հանձնարարել է Ճանապարհային ոստիկանությանն առանձնակի խիստ լինի ծխախոտը մեքենաներից դուրս շպրտող վարորդների նկատմամբ:

«Առավել ևս այս ընթացքում պետք է շատ խիստ լինել և պետք չէ վարանել՝  տուգանել  և կոնկրետ վարչական պատասխանատվության միջոցներ ձեռնարկել: Բայց, իհարկե, ավելի լավ կլինի, երբ մեր սիրելի հայրենակիցները նման գործողության ընդհանրապես չդիմեն»,- նշեց Փաշինյանը:

«911» ծառայությանն օգոստոսի 11-ին, ժամը 16:03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհի մերձակա անտառում:

Հրդեհաշիջման գործընթացին ներգրավվել են Մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը (15 հրշեջ-փրկարար), Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական ջոկատը (10 փրկարար), Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը (4 փրկարար) և Օպերատիվ կառավարման վարչության կապի մեքենան (3 փրկարար):

Ժամը 21:00-ին ԱԻ նախարարի մոտ կայացած օպերատիվ աշխատանքային խմբի արտահերթ նիստում քննարկվել են ստեղծված իրավիճակով պայմանավորված ռիսկերը, արձագանքման և հետևանքների վերացման առանձնահատկությունները:

Օգոստոսի 12-ին, ժամը 08:10-ին ծավալվել է օպերատիվ շտաբ: Հրդեհաշիջման գործընթացին ներգրավվել են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս 30 հրշեջ-փրկարար: 

Հետախուզման արդյունքում պարզվել է, որ հրդեհը տարածվել է մոտ 10-12 հա բուսածածկ տարածքում, այրվել են խոտածածկույթ, գիհի և եղեգնուտ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:46-ին:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 67 փրկարար (4 մարտական հաշվարկ), ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման վարչության կապի մեքենան, ՊՆ Մեղրու N զորամասից 30 ծառայող, Մեղրու ոստիկանության՝ 45, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղի՝ 25 (8 միավոր տեխնիկա), «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի՝ 15, «Արևիկ» ազգային պարկի 15 աշխատակից և Մեղրու ՃՇՇ-ից մեկ միավոր տեխնիկա:

Հրդեհի վայրում իրականացվել է հերթապահություն:

Օգոստոսի 14-ին, ժամը 18:00-ին «Արևիկ» ազգային պարկից տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհի մոտակա անտառում կան ծխացող օջախներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման գործընթացին ներգրավվել են Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական ջոկատ, Մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի ազատ հերթափոխից 10 հրշեջ-փրկարար: 

Ժամը 22:30-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. 10 հրշեջ-փրկարարների և «Արևիկ» ազգային պարկի 10 աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:

Օգոստոսի 15-ին, ժամը 06:30-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. այրվել է 2 հա բուսածածկույթ, առկա է մոտ 25 ծխացող օջախ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am