ՀՀ 424 կմ երկարությամբ ճանապարհահատվածների վրա տեղադրվել է 3892 ճանապարհային նշան

Armenpress 17:29, 14 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ մոտ 424 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածների վրա տեղադրել է 3892 ճանապարհային նշան։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հ ասարակայնության հետ կապերի բաժնից, նշանները տեղադրվել են հետևյալ հատվածներում՝ Մ-2 - Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի - Իրանի սահման (կմ 28+912 - կմ 384+310), Մ-5 - Երևան - Արմավիր - Թուրքիայի սահման (կմ 10+420 - կմ 62+700), Հ-55 - Հրազդանի տրանսպորտային հանգույց - Ծաղկաձորի մարզահամալիր (կմ 0+000 - կմ 10+807, մոտեցումներ Ծաղկաձորի ճոպանուղուն կմ 0+000 - կմ 0+470, կմ 0+000 - կմ 0+880, կմ 0+000 - կմ 4+760)։ Մ-2 ճանապարհի վրա տեղադրվել է 2616 ճանապարհային նշան, Հ-55-ում՝ 586, Մ-5-ում՝ 690։

Ճանապարհային նշանների մատակարարման և տեղադրման աշխատանքներն իրականացրել են «Սուարդի» ԲԸ-ի հայաստանյան մասնաճյուղը և «Պրեալյուքս» ՍՊԸ-ն (Իտալիա)։ Նշանները ներկրվել են Իտալիայից և համապատասխանում են միջազգային չափանիշներին։

Ճանապարհային նշանների տեղադրման վայրերը կազմվել են նախագծային կազմակերպության կողմից և համաձայնեցվել ճանապարհային ոստիկանության հետ։  

Նշանների տեղադրման ընթացքում արձանագրվել են վերջիններիս անհետանալու և վնասելու որոշ դեպքեր, ուստի բնակչությանը և վարորդներին հորդորում ենք խնամքով վերաբերվել ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող ճանապարհային նշաններին և լուսային անդրադարձիչներին։ Դրանց բացակայությունը կարող է ստեղծել վթարավտանգ իրավիճակ, ինչն էլ կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am