Կենդանիների հիվանդությունների դեմ պայքարը ՍԱՏՄ անմիջական ուշադրության կենտրոնում է

Armenpress 16:51, 14 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի դաբաղի վերահսկողության ծրագրի (EuFMD) փորձագետ Կարսեն Փոթչին և նույն ծրագրի կենդանիների առողջության մասնագետ Բօուդա Վոսուղ Ահմադիին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հյուրերը ներկայացրել են Հայաստանում իրականացված՝ դաբաղի վերահսկման և այդ ոլորտում կարողությունների գնահատման ծրագիրն ու դրա ընթացքը: Կարսեն Փոթչը տեղեկացրել է, որ գնահատված կարիքների և առաջնահերթությունների հիման վրա նախատեսվում է անցկացնել ևս մեկ ծրագիր` ընդգրկելով նաև արագ արձագանքման կարողությունների և լաբորատոր հնարավորությունների զարգացման բաղադրիչները:

Գեորգի Ավետիսյանը, ողջունելով Եվրոպական այս հեղինակավոր կառույցի Հայաստանում ծրագրեր իրականացնելու նախաձեռնությունը, տեղեկացրել է, որ արդեն մի քանի տարի երկրում դաբաղ չի արձանագրվել, ինչը գյուղատնտեսական կենդանիներին դաբաղի դեմ ժամանակին պատվաստելու և դրա ընթացքի խստագույն վերահսկողության արդյունք է: «Կենդանիների առողջության պահպանումը, հիվանդությունների դեմ պայքարը ՍԱՏՄ անմիջական ուշադրության ու հսկողության կենտրոնում է, և ես համոզված եմ, որ մեր համատեղ աշխատանքը կբերի լավագույն արդյունքի»,- ասել է Տեսչական մարմնի ղեկավարը:

Նա վստահեցրել է, որ նախատեսվող ծրագրի հաջող իրականացման համար ոլորտը վերահսկող մարմնի կողմից կլինի գործուն աջակցություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am