ՀՌՀ-ն սահմանել է նոր չափորոշիչներ անչափահասների դաստիարակության գործընթացը ճիշտ կազմակերպելու համար

Armenpress 16:10, 14 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում օգոստոսի 14-ին գումարվել է հանձնաժողովի նիստ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի մամուլի ծառայությունից, նիստի օրակարգում ընդգրկված էր հինգ հարց՝ «ՅՈՒՔՈՄ» ՍՊ ընկերության ոչ սեփական հեռուստածրագրեր վերահեռարձակելու, «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության սեփական արտադրության հեռուստածրագիր հեռարձակելու թույլտվություն ստանալու դիմումների և «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության նկատմամբ  վարչական տույժ կիրառելու մասին», «Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հեռուստառադիոհաղորդումների (ֆիլմերի), այլ տեսաձայնաշարային նյութերի որոշման չափորոշիչները» և «Էրոտիկ բնույթի, սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող հեռուստառադիոհաղորդումների (ֆիլմերի), այլ տեսաձայնաշարային նյութերի որոշման չափորոշիչները» սահմանելու մասին հարցերը:

Չափորոշիչներում կարևորել է այն հանգամանքը, որ երեխաներն ունեն հատուկ հոգածության և օժանդակության իրավունք, իսկ երեխաների իրավունքներն ու շահերը վեր դասելով բազմաթիվ հիմնախնդիրներից, առաջացել էր այդ չափորոշիչները լրամշակելու անհրաժեշտությունը, որոնք օգտագործվելու են հեռուստառադիոծրագրերում:

Չափորոշիչների մշակման հիմքում ընկած է յուրաքանչյուր երեխայի, ցանկացած իրավիճակում պաշտպանված լինելու, շահերն ու անվտանգությունը պաշտպանելու գաղափարը, որը գերակա է լինելու խմբագրական ցանկացած պահանջի հանդեպ:

Չափորոշիչներում հստակ ներկայացվել են այն դրույթները, որոնք անչափահասներին վերաբերող հիմնախնդիրները լուսաբանելիս հեռուստառադիոընկերությունները պարտավոր են հետևել. ձգտել առավելագույն  ճշգրտության,  ապահովել  անչափահասների մասին տրամադրած տեղեկատվության հավաստիության, նվազագույնի հասցնելով նրանց  համար հնարավոր վտանգները և այլն:

Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են նաև հետևել և եթերում բացառել վախի, տագնապի, անելանելիության զգացում հարուցող կամ սոսկում առաջացնող տեսարանների կամ ձայնաշարի, մարդկանց, ինչպես նաև կենդանիների խոշտանգումների, կտտանքների ենթարկելու, ֆիզիկական կամ հոգեկան ցավ պատճառելու, խոշտանգված մարմինների մանրամասների և արյունահեղ տեսարանների կամ բռնության գործադրման ցուցադրումից:

Վերը նշված որոշումներին կարող եք ծանոթանալ այցելելով ՀՌՀ www.tvradio.am պաշտոնական կայքի Որոշումներ բաժին՝ https://tvradio.am/wp-content/uploads/2019/08/90.pdf և https://tvradio.am/wp-content/uploads/2019/08/91.pdf:

«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելու համար պատճառ է հանդիսացել «Լրաբեր» լրատվական հաղորդման ընթացքում տարբեր ընկերությունների՝ այդ թվում ծխախոտ արտադրող, տարբերանշաններով գովազդ հեռարձակելը՝ խախտելով «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը:

Ուսումնասիրելով հեռուստաընկերության կողմից ներկայացված պարզաբանումը Հանձնաժողովը 5 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշում է կայացրել նշված ընկերության նկատմամբ կիրառել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 21-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

Հիշեցնենք, որ Հանձնաժողովի 2019 թվականի հունիսի 14-ի թիվ 64-Ա որոշմամբ` Ընկերության նկատմամբ՝ գովազդ հեռարձակելու հիմքով, կրկին կիրառվել էր «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am