Ժամանակավորապես դադարեցվել է ներմարզային երթուղին սպասարկող ՊԱԶ մակնիշի ավտոբուսի շահագործումը

Armenpress 15:29, 14 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացու կողմից ներկայացրած բողոքի հիման վրա,  ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության մասնագետները Սևան-Գավառ-Սևան ներմարզային երթուղին սպասարկող ավտոբուսի շահագործման անվտանգության և սպասարկման դիտարկումներ և ուսումնասիրություններ են իրականացրել: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից, արդյունքում պարզվել է, որ Գավառ-Սևան-Գավառ ներմարզային երթուղու սպասարկումն իրականացնող «Գավառտրանս» ՍՊ ընկերությունը՝ երթուղին սպասարկող ՊԱԶ մակնիշի 0342L ավտոբուսի հետ միաժամանակ, շահագործում է 1989 թ. արտադրության և երթուղու սպասարկման մրցույթ չանցած, վերջին անգամ 2017 թ. տեխնիկական զննություն անցած, արտաքին տեսքից անմխիթար վիճակում գտնվող ՊԱԶ մակնիշի 2272L ավտոբուս:

Այն ներառված չէ եղել Գեղարքունիքի մարզպետարանի կողմից՝ Տեսչական մարմնին ներկայացված ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների ցանկում:  Բացի այդ, քաղաքացին բողոքում էր նաև ավտոբուսի վրա տեղակայված գազաբալոնների ամրացման և շահագործման անվտանգությունից: Այս առնչությամբ նշենք, որ Տեսչական մարմնի համապատասխան մասնագետների կողմից՝ ավտոբուսների ներքին և արտաքին զննությամբ պարզվել է, որ գազաբալոնները պատշաճ ամրացված են, և սրահի ներսում գազի արտահոսք չի կարող լինել:  Հաշվի առնելով տրանսպորտային անվտանգության օրենսդրության պահանջների խախտման փաստը՝ տեսչական մարմնի կողմից դադարեցվել է ՊԱԶ մակնիշի 2272L պետհամարանիշի ավտոբուսի շահագործումը: Երթուղին սպասարկող ընկերությանը տրվել է ժամանակ, որպեսզի վերականգնի մրցույթով ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացումը, այլապես, օրենքով սահմանված կարգով, կենթարկվի վարչական պատասխանատվության:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am