Մնացականյանն անդրադարձավ ԱՄՆ կողմից Արցախին տրամադրվող օգնության կրճատման վերաբերյալ հարցին
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Արցախին տրամադրվող օգնության հարցը Հայաստանի և ԱՄՆ միջև երկխոսության օրակարգային հարցերից է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվող օգնության կրճատման վերաբերյալ հարցին:
«Սա յուրաքանչյուր տարի ընթացող բյուջեի արտաքին հատկացումների շուրջ վարվող բանակցությունների օրակարգ է: Սա նաև օրակարգ է մեր երկխոսության մեջ` Միացյալ Նահանգների հետ: Այդ առումով դեռ մենք ընթացքի մեջ ենք, աշխատում ենք այս հարցերի շուրջ: Սա շատ ակտիվ քննարկվող հարց է»,- ասաց Մնացականյանը:
ԱՄՆ կառավարությունը նախատեսում է կրճատել Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցությունը: Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 89 կոնգրեսականներ 24 նահանգներից միացել են Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությանը` դեմ արտահայտվելով ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվող օգնության կրճատմանը: