Նոր հնարավորություններ օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվելու համար

Armenpress 13:39, 14 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության հայաստանյան մասնաճյուղի (NABU) համագործակցությամբ շուրջ 250 ֆերմերների, փորձագետների, լաբորատորիաների ղեկավարների, օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողների համար իրականացվել է սեմինար-թրեյնինգ՝ օրգանական գյուղատնտեսության վերաբերյալ նոր գիտելիքներ և հմտություններ տրամադրելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկից, դասընթացը կազմակերպվել է Բանկի և NABU-ի կողմից համատեղ իրականացվող   «Օրգանական գյուղատնտեսության զարգացում» ծրագրի շրջանակում՝ Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ:

Թրեյնինգի մասնակիցները օրգանական գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ նոր գիտելիքներ ձեռք բերեցին այնպիսի թեմաների մասին, որոնց կյանքի կոչելը հայաստանյան բազմաթիվ գյուղական համայնքների  առօրյայի մի մասը կարող են դառնալ: Գիտելիքներ տրամադրվեց օրգանական մթերքի վերամշակման, փաթեթավորման և պահպանման, օրգանական մեղր, թեյ և խոտաբույսեր արտադրելու նրբությունների ու հեռանկարների մասին:

Ոլորտային մասնագետները հատուկ շեշտադրմամբ ներկայացրին հետևյալ թեմաները՝

 

Օրգանական մթերքի վերամշակում, Օրգանական մթերքի սերտիֆիկացում, Օրգանական մթերքի պահպանում, Օրգանական մթերքի փաթեթավորում, Վայրի հավաքի և բուսական թեյերի զրոն, Օրգանական բուսահումքի մթերման գործընթացը, Օրգանական վայրի հավաքի իրականացման հիմնական սկզբունքները, Մթերման անձնակազմ, Հավաքի ժամանակահատվածի որոշում, Հումքի հավաք, Թունավորման ախտանիշները, Հումքի առաջնային մշակում, Օրգանական մեղրի հավաստագրման ստանդարտները, Բուժանյութեր, տարածքների ընտրություն, պարագաներ, Օրգանական մթերքի շուկայահանում։ Ինչպե՞ս դիվերսիֆիկացնել օրգանական մեղրը, Օրգանական մթերքի վաճառք, մարկետինգ:

«Մեր նպատակը Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացումը խթանելն է, ոլորտի արտադրողներին օժանդակելը: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և NABU-ի համատեղ աջակցությամբ օրգանական մթերք արտադրողները նաև հնարավորություն են ստանում ձեռք բերել օրգանական սնունդ արտադրողի հավաստագիր և անհամեմատ մեծացնել արտահանման հեռանկարները:  Իսկ այսպիսի սեմինար-թրեյնինգների միջոցով մենք մեր շահառուներին տրամադրում ենք նոր գիտելիքներ, որոնց շնորհիվ նրանք կկարողանան մեծացնել իրենց հմտություններն օրգանական մթերքի արտադրության ոլորտում»,- իր խոսքում նշել է NABU-Հայաստանի տնօրեն Նարեկ Գրիգորյանը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) համագործակցությունը մեկնարկել է 2015 թվականին՝ «Oրգանական գյուղատնտեսության զարգացում» ծրագրի շրջանակում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am