Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումը

Armenpress 18:00, 13 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով 2019թ. օգոստոսի 12-13-ը իրականացվել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի այցը Հայաստան:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԽ գրասենյակից, այցի շրջանակներում օգոստոսի 12-ին կայացել է Արմեն Գրիգորյանի և Նիկոլայ Պատրուշևի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են անվտանգության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես՝ տեղի է ունեցել մտքերի փոխանակում հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների զարգացման, ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության ընդլայնման և նոր հնարավորությունների օգտագործման հարցերի շուրջ: Քննարկվել է նաև երրորդ երկրներին զենքի վաճառքի կանոնակարգման հարցը:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային գործընկերության շրջանակներում իրականացվող ռազմատեխնիկական և ռազմատնտեսական համագործակցության ներկայիս ընթացքից, կարևորել ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության ակտիվացումը և նոր ձեռնարկություններ հիմնելու անհրաժեշտությունը:

Այցի ընթացքում Նիկոլայ Պատրուշևին ընդունեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչից հետո   Ա. Գրիգորյանը և Ն. Պատրուշևը ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի գերեզմանին:

Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումից առաջ տեղի են ունեցել նաև ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի և ՌԴ անվտանգության խորհրդի աշխատակազմի ներկայացուցիչների ամենամյա խորհրդակցությունները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am