Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների համատեղ որոշմամբ Սիրիա ուղարկվեց մարդասիրական օգնություն

Armenpress 13:40, 13 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների համատեղ որոշմամբ Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկվեց Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից տրամադրված հերթական մարդասիրական օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  օգնությունը ուղարկվել է մարդասիրական արձագանքման կենտրոնի միջոցների հաշվին: Մարդասիրական օգնությունը նախատեսված է Սիրիայի բնակչության համար, որը տուժել է ռազմական կոնֆլիկտի հետևանքով:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ 9 բեռնատարներում բեռնված մարդասիրական օգնությունը ճանապարհել է դեպի Սիրիա:

Այն պարունակում է մսի պահածո՝ 52,5 տոննա, ձկան պահածո՝ 35 տոննա, 40 տոննա շաքարավազ, ինչպես նաև չոր օրապահիկ՝ մոտ 14,5 տոննա քաշով:

Հայկական և ռուսական կողմի ներկայացուցիչները մարդասիրական օգնությունը հանձնելու են Սիրիայի Կարմիր մահիկի ներկայացուցչությանը, որի միջոցով էլ պետք է իրականացվի հետագա բաշխումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am