Համահայկական խաղերի մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդ  

Armenpress 11:56, 13 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական 7-րդ ամառային խաղերի մասնակից պատվիրակությունները Ծիծեռնակբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 7-րդ խաղերի մասնակիցները նախ ծաղիկներ խոնարհեցին հուշահամալիրում, այնուհետև այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

«Համահայկական այս խաղերը նոր թափ ստացան նրանով, որ բացումը տեղի ունեցավ Արցախում... Հիմա ամբողջական ենք՝ Հայաստան-Արցախ-սփյուռք»,-լրագրողների հետ զրույցում փաստեց Համահայկական խաղերի համաշխարհային խորհրդի անդամ Սեպուհ Բաղդոյանը: Վիեննայի պատվիրականության ներկայացուցիչն իր խոսքում շեշտեց, որ խաղերի խորհուրդն իրականանում է` հայերը միասնական են... Մասնակիցների մեջ նույնիսկ սիրահարված զույգեր արդեն կան: «Արցախի ժողովուրդը հրաշալի ընդունեց մեզ: Հպարտ ենք և երախտապարտ նրանց»,-եզրափակեց նա:

Համահայկական խաղերի համաշխարհային խորհրդի նախագահ Իշխան Զաքարյանի խոսքով` խաղերին մասնակցում են եղեռնազարկ ժողովրդի հետնորդները, և այցելությունը Ծիծեռնակաբերդ արդեն ավանդական է դարձել խաղերի համար: «Գրքերում կարդալն այլ է, այստեղ լինելը` այլ»,-ասաց նա:

Համահայկական խաղերում օգոստոսի 13-ը հանգստի օր է, և պատվիրակությունները կայցելեն Գառնի և Գեղարդ:

7-րդ համահայկական ամառային խաղերին այս տարի մասնակցում են մոտ 5000 մարզիկ՝ աշխարհի 35 երկրի մոտ 160 քաղաքից: Խաղերի մի քանի մարզաձևեր անցկացվեցին Ստեփանակերտում և Արցախի մյուս երկու քաղաքներում, իսկ հիմնական պայքարը ծավալվում է Երևանում: Ամենամեծ թվով պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունից է, որը ներառում է 14 քաղաք՝ 368 մարզիկով։ Այս տարի մասնակցում է 3 նոր երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրաքը և Չեխիան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am