Մասիս Մայիլյանը չի բացառում իր ակտիվ մասնակցությունն Արցախում սպասվող ընտրություններին

Armenpress 10:07, 13 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը չի բացառում իր ակտիվ մասնակցությունն ընտրություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Մասիս Մայիլյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

Նա նշել է, որ  հետևում է ներարցախյան քաղաքական զարգացումներին և առաջիկա ՏԻՄ ու համապետական ընտրությունների հետ կապված իրավիճակին։ Կարծում է, որ բացառիկ հնարավորություն է ստեղծված օրինակելի ընտրությունների անցկացման համար, և պատրաստ է ամեն ինչով նպաստել այդ ընտրությունների շուրջ դիվանագիտական առավել բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը։

«Նաև չեմ կարող անտեսել համապետական ընտրություններին իմ մասնակցության ձևաչափի մասին բազմաթիվ հարցերն ու հարցումներն Արցախի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետությունից  ու Սփյուռքից։ Մեկ անգամ ևս հավաստելով մեր երկրի անվտանգ, ապահով, քաղաքակիրթ ու ժողովրդավարական լավագույն ապագայի հանդեպ իմ խիստ շահագրգռված լինելը և այդ ապագայի կերտման գործում ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու իմ սկզբունքային պատրաստակամությունը՝ ուզում եմ տեղեկացնել, որ մտածում եմ այդ ուղղությամբ, պարբերաբար հետևում եմ հասարակական կարծիքի դրսևորումներին, մարդկանց իղձերին ու տրամադրություններին և ձգտելու եմ առավելագույնս օգտակար լինել այդ իղձերի իրականացմանը: Ուստի և ըստ էության չեմ բացառում իմ ակտիվ մասնակցությունն ընտրություններին»,-նշել է Մասիս Մայիլյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am