Խորվաթիայում 81-ամյա թոշակառուի տանը հայտնաբերվել է մեծ քանակությամբ զինամթերք

Armenpress 21:42, 12 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորվաթիայի ոստիկանության աշխատակիցները 81-ամյա թոշակառուի տանը հայտնաբերել են նռնականետ, այլ զինատեսակներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ զենքերի թաքցնելու տեղի մասին ոստիկանությանը տեղեկացրել է շենքի մեկ այլ բնակիչ, ով բողոքել է հարևանից վերջինիս հնչած սպառնալիքների համար: Կինը ոստիկաններին պատմել է, որ տարվա ընթացքում հարևանը համառորեն զանգել է իրեն, անհանգստացրել, նույնիսկ տուն ներխուժելու փորձեր կատարել:

Բողոքից հետո դատարանը  խուզարկության որոշում է կայացրել, որի արդյունքում էլ տվյալ քաղաքացու տանը հայտնաբերվել է մեծ քանակությամբ զինամթերք, այդ թվում՝ հրացաններ, նռնականետ, դանակներ,  ատրճանակի տեսականի և այլն:  Նշվում է, որ հայտնաբերված զենքի որևէ տեսակի նկատմամբ քաղաքացին թույլտվություն չի ունեցել: 81-ամյա թոշակառուին սպասվում է մինչև 5 տարվա ազատազրկում անօրինական զենք պահելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am