Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ԱԳ նախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Armenpress 19:36, 12 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 13-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, օգոստոսի 14-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ուրուգվայի ԱԳ նախարարների հանդիպումը:

Այցի շրջանակներում Ուրուգվայի ԱԳ նախարարին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախատեսվում են նախարար Ռոդոլֆո Նին Նովոայի հանդիպումները նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: 

Ուրուգվայի արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am