Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Կազիմիրովին ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ

Armenpress 12:27, 12 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովին՝ ծննդյան 90-ամյակի առթիվ.

«Հարգելի Վլադիմիր Նիկոլայի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ: Որպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ ներկայացուցիչ և համանախագահ՝ Դուք լրջագույն ավանդ եք ունեցել Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների սկզբնավորման գործում: Անգնահատելի  են Ձեր ջանքերը կողմերի միջև զինադադարի համաձայնության ձեռքբերման, հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի ապահովման և բանակցությունների լիարժեք ձևաչափի ձևավորման ուղղությամբ:

Ավարտելով Ձեր կարևոր միջնորդական գործունեությունը՝ Դուք չեք հեռացել մեր տարածաշրջանից՝ մշտապես Ձեր փորձը ծառայեցնելով երկարատև խաղաղության հաստատման նպատակին: Ձեր գնահատականներն ու մեկնաբանությունները աչքի են ընկել անաչառությամբ և հակամարտության պատճառներին ու հետևանքներին խորապես ծանոթ լինելու փաստով: Հայ ժողովուրդը բարձր է գնահատում Ձեր միջնորդական գործունեությունը Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման, տարածաշրջանում կայունության ապահովման գործում:

Հարգելի Վլադիմիր Նիկոլայի,ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ, մաղթում եմ քաջառողջություն, բարեկեցություն և ամենայն բարիք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է շնորհավորական ուղերձում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am