ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի նոր դեսպան է նշանակվել հայ դիվանագետը

Armenpress 12:15, 12 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի նոր դեսպան է նշանակվել հայազգի Ալան Անդրանիկի Գոգբաշյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նշված է Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայքում:

Ալան Գոգբաշյանը սեպտեմբեր ամսվա ընթացքում կփոխարինի դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին, որը կտեղափոխվի դիվանագիտական նոր ծառայության:

Սա առաջին դեպքն է, որ հայ դիվանագետը Հայաստանում դեսպան է լինելու:

Գոգբաշյանը Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի և համագործակցության նախարարությունում 2008-2010թթ. զբաղեցրել է Արտահանման և լիցենզավորման թիմի ղեկավարի պաշտոնը, 2011-2014թթ. եղել է Մարոկկոյի Թագավորությունում Մեծ Բրիտանիայի փոխդեսպանը, 2014-2017թթ. զբաղեցրել է Կարիբյան տարածաշրջանի, Կենտրոնական Ամերիկայի և Մեքսիկայի բաժնի ղեկավարի պաշտոնը, 2017-2018թ. եղել է նախարարության Մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am