Փաշինյանն ԻԻՀ նախագահին և Սինգապուրի վարչապետին հրավիրել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին

Armenpress 18:28, 9 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին և Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին հրավիրել է Երևան` մասնակցելու հոկտեմբերին կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 9-ին վարչապետը հայտնել է Ղրղզստանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի ընթացքում:

«Այս տարվա հուլիսի սկզբին պաշտոնական այցեր կատարեցի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն և Սինգապուրի Հանրապետություն: Որպես ԵԱՏՄ-ում նախագահող երկիր՝ մենք առանձնակի ուշադրություն ենք դարձրել այս երկու երկրների հետ մեր կազմակերպության համագործակցության հարցերին: Քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները և, մասնավորապես, ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրելու հարցը: Ձեռք է բերվել սկզբունքային պայմանավորվածություն առ այն, որ բանակցային գործընթացը ժամանակին ավարտելու և համաձայնագրի նախագիծը համաձայնեցնելու դեպքում Սինգապուրի վարչապետը պատրաստ է մասնակցել Երևանում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին, որի ընթացքում կստորագրվի այդ համաձայնագիրը: Այս հարցում ես ստացա մեր բոլոր երկրների ղեկավարների համաձայնությունը»,- նշել է վարչապետը:

Փաշինյանը ԵԱՏՄ անդամ պետություններին ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարությանը խնդրել է հնարավորինս արագացնել համաձայնագրի նախագծի համաձայնեցման հետ կապված բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, որպեսզի հոկտեմբերի 1-ին Երևանում այն հաջողությամբ ստորագրվի:

Վարչապետը հայտնել է նաև, որ Երևան է հրավիրել նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանիին:

«ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների հետ պայմանավորվածություններին համապատասխան ես հրավիրել եմ նաև Իրանի նախագահին՝ մասնակցել Երևանում  կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին»,- հավելել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի շրջանակում, կանցկացվի միջազգային համաժողով «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» թեմայով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am