Պատրիարքական ընտրությունների նախաձեռնող մարմինը հանդիպել է Թուրքիայի ՆԳ նախարարին

Armenpress 15:07, 9 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների համակարգմամբ զբաղվող նախաձեռնող մարմնի ատենապետ Խոսրով Քյոլեդավիթօղլուն և փոխատենապետ Սարգիս Չավուշյանը հանդիպել են Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի, փոխնախարարի և նախարարության այլ պաշտոնյաների հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթը:

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պատրիարքական ընտրությունների գործընթացի և կանոնադրության հետ կապված որոշ հարցեր:

Խոսրով Քյոլեդավիթօղլուն նշել է, որ հանդիպումն անցել է դրական մթնոլորտում:

2019 թ. մարտի 8-ին պատրիարք Մութաֆյանի մահից հետո սկսվել է մի գործընթաց, որը պետք է ավարտվի նոր պատրիարքի ընտրություններով: Հուլիսի 4-ին Կ. Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Իսկ հուլիսի 17-ին պատրիարքարանում տեղի ունեցած նիստի ժամանակ կազմավորվել է Նախաձեռնող մարմինը, որը համակարգելու է պատրիարքական ընտրությունների կազմակերպման գործընթացը: Նախաձեռնող մարմինը պատրիարքական ընտրությունները դեկտեմբերի 11-ին անցկացնելու համար դիմել էր Ստամբուլի նահանգապետարան:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am