ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստան

Armenpress 23:03, 8 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով, օգոստոսի 8-ի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն՝ Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաք։ Հայաստանն այս տարի նախագահում է ԵԱՏՄ մարմիններում, և օգոստոսի 9-ին Հայաստանի վարչապետը՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավար, կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Իսիկ Կուլ» միջազգային օդանավակայանում Հայաստանի Հանրապետության վարչապետին դիմավորել են Ղրղզստանի Հանրապետության փոխվարչապետ Զամիրբեկ Ասկարովը։

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Նիկոլ Փաշինյանը հանդես կգա բացման ելույթով։ Նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի համատեղ հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակում համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրում և նամականիշի մարման արարողություն:

Աշխատանքային այցի շրջանակում նախատեսվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի և ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։

 

Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների հետ ներկա կգտնվի նաև «Tengri Music Fest - 2019» ամենամյա միջազգային  երաժշտական փառատոնի բացմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am