Հանրապետությունում գրպանահատությունների թիվն ավելացել է 70 դեպքով

Armenpress 17:22, 8 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում 2019թ. առաջին կիսամյակում գրպանահատությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 70 դեպքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 8-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին հայտնեց ՀՀ ոստիկանության շտաբի տեսչական վարչության պետ, Հետաքննության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Հակոբ Պետրոսյան:

«ՀՀ-ում 2019թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատությամբ գրպանահատությունների թիվն աճել է 70 դեպքով, որը, կարծում եմ, հանցավորության ընդհանուր շարժընթացի համատեքստում դիտարկելու պարագայում չի անցնում թույլատրելի համամասնության սահմանը: Վիճակագրական տվյալների վերլուծությունը վկայում է, որ գրպանահատության շուրջ 95%-ը կատարվում է Երևան քաղաքում, իսկ առավել մեծ տարածում ունի Կենտրոնի, Արաբկիրի, Էրեբունու, Մալաթիայի և Շենգավիթի վարչական շրջաններում»,- նշեց Պետրոսյանը:

Հակոբ Պետրոսյանը հայտնեց, որ հայտնաբերված գրպանահատության շուրջ 90% դեպքերով քրեական հետապնդում չի իրականացվում` բողոքի բացակայության կամ հաշվետվության հիմքով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am