ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստան

Armenpress 21:39, 7 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 8-9-ը աշխատանքային այց կկատարի Ղրղզստանի Հանրապետություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի վարչապետը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։ Նիստը կմեկնարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավարի բացման ելույթով։ Նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի համատեղ հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակում համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրում և նամականիշի մարման արարողություն:

Այցի շրջանակում նախատեսվում են Հայաստանի վարչապետի հանդիպումները Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:

Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների հետ ներկա կգտնվի նաև «Tengri Music Fest - 2019» ամենամյա միջազգային  երաժշտական փառատոնի բացմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am