ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Ղրղզստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալին

Armenpress 19:01, 7 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղրղզական Հանրապետությունում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը (նստավայրը՝ Նուր-Սուլթան) օգոստոսի 7-ին իր հավատարմագրերի պատճեննն է հանձնել Ղրղզստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Նուրան Նիյազալիևին (Ниязалиев Нуран Садырович):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհավորելով Գագիկ Ղալաչյանին պատասխանատու պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ Նուրան Նիյազալիևը վստահություն է հայտնել, որ դեսպանը նոր շունչ կհաղորդի հայ-ղրղզական հարաբերությունների հետագա զարգացմանը: 

Դեսպան Ղալաչյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ կշարունակի ներդնել առավելագույն ջանքերը երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունն առավել խորացնելու և զարգացնելու ուղղությամբ:

Ղրղզստան կատարած իր այցի շրջանակներում դեսպան Ղալաչյանը «Արարատ» մշակութային կենտրոնում հանդիպել է Բիշքեկի հայ համայնքի ղեկավար Սամսոն Բալյանի և համայնքի մյուս ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքին առնչվող հարցեր: Դեսպան Ղալաչյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am