Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին

Armenpress 14:44, 7 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն օգոստոսի 7-ին ընդունել է Հայաստանի Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Արցախի ԱԳՆ-ից, Մասիս Մայիլյանը ողջունել է Զարեհ Սինանյանի՝ այդ պաշտոնում առաջին այցն Արցախ և կարևորել շփումների ակտիվացումը Հայաստան-Արցախ-Սփյուռք փոխգործակցության  հետագա ամրապնդման նպատակով: Քննարկվել են գերատեսչությունների միջև ինստիտուցիոնալ մակարդակով համագործակցության հաստատման հեռանկարները` այս ոլորտում համատեղ ջանքերի հետևողականությունն ապահովելու համար:

 Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համահայկական շահերի խթանմանը, ինչպես նաև հայկական երկու պետությունների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում սփյուռքի ներգրավվածության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում ԱԳՆ ղեկավարն ընդգծել է Արցախի պատրաստակամությունը` նպաստելու հայապահպանությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am