1000х90.jpg (78 KB)

Ասորիները հարգանքի տուրք մատուցեցին ցեղասպանված ասորի ժողովրդի զոհերի հիշատակին

Armenpress 13:28, 7 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բնակվող ասորական համայնքի ներկայացուցիչները, քաղաքական և հասարակական գործիչներ հարգանքի տուրք մատուցեցին ասորի ժողովրդի 1915 թվականի Անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում «Ատուր» ասորական ասոցիացիայի նախագահ, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Միխայլովն ասաց, որ ամեն տարի օգոստոսի 7-ին ամբողջ աշխարհում ասորիները հավաքվում և հարգանքի տուրք են մատուցում:

«Վերջին 7 տարում մենք՝ Հայաստանում ապրող ասորիներս, հնարավորություն ունենք ՀՀ ասորաբնակ գյուղերից գալ և համախմբվել Երևանում և հիշել մեր ասորի նահատակներին: Կոչ եմ անում ամբողջ աշխարհին՝ համախմբվել և ձայն բարձրացնել ցեղասպանություն իրականացնողների դեմ»,- նշեց Միխայլովը:

Նրա խոսքով՝ ցեղասպանության հետևանքով մոտ 3 մլն ասորի ապրում է աշխարհի տարբեր երկրներում՝ Իրաքում, Իրանում, Սիրիայում, ԱՄՆ-ում, Շվեդիայում, Գերմանիայում, Հորդանանում և այլն:

Հայաստանում կա 4 ասորաբնակ գյուղ՝ Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերում, որոնցում, ընդհանուր առմամբ, ապրում է մոտ 6000 ասորի:

Ասորիները Հայաստանի բնակչության կազմում ազգային փոքրամասնություններից երրորդն են՝ եզդիներից և ռուսներից հետո։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am