Նիկոլ Փաշինյանի ուղերձը հստակ էր՝ բաժանարար գծեր չեն կարող լինել

Armenpress 19:28, 6 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը յուրօրինակ և կարևոր էր՝ թե´ անցկացման ձևաչափի, թե՛ ներառած թեզերի տեսանկյունից:

Ձևաչափի տեսանկյունից կարևոր է փաստել, որ ՀՀ նորանկախ պատմության ընթացքում առաջին անգամն էր, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարը հանդես էր գալիս Արցախի Հանրապետության անկախության խորհրդանիշ հանդիսացող Վերածննդի հրապարակից՝ իր խոսքն ուղղելով Արցախի ժողովրդին:

Հնչած շեշտադրումների տեսանկյունից, թերևս, ամենակարևոր և առանցքայինը վերաբերում էր համազգային միասնականությանը: Տարիներ շարունակ ղարաբաղցի, հայաստանցի, իջևանցի, գյումրեցի և բաժանարար գծեր պարունակող նմանատիպ շահարկումների ֆոնին շատ կարևոր էր, որ ամենաբարձր մակարդակով ևս մեկ անգամ դատապարտվեց «համայնքային» այդ մտածողությունը և կարևորվեց համահայկականության, միասնականության ընկալման կարևորությունը՝ լինի դա Հայաստանում, Արցախում, թե՝ Սփյուռքում (վերջինիս պարագայում պատահական չէին պարսկահայեր, լիբանանահայեր, հունահայեր և նման այլ խմբավորումների անթույլատրելիության մասին շեշտադրումները):  

Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնականության տեսանկյունից հատկանշական էին նաև Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացներից Արցախի և Սփյուռքի անմասն չմնալու վերաբերյալ թեզերը, որոնք ընդգծում էին հազարավոր արցախցիների և սփյուռքահայերի դերակատարումը մայր Հայաստանում ընթացող կարևորագույն քաղաքական գործընթացներում:

Միասնականության ամրապնդմանն էին ուղղված նաև ընդհանուր տեսլականի ձևավորման կարևորության վերաբերյալ թեզերը, որտեղ չկար Արցախի, Հայաստանի և Սփյուռքի օրակարգերի տարանջատում:  Սահմանված խնդիրներն ընդհանուր են, դրանց իրականացումը պահանջում է միասնական և փոխլրացնող ջանքեր, իսկ նպատակը հստակ է՝ Հայաստանի, Արցախի զարգացումն ու Սփյուռքի ամրապնդումը:

Ամփոփելով, կարող ենք փաստել, որ ՀՀ վարչապետի ելույթն ազդարարեց համազգային օրակարգի ձևավորման և այն կյանքի կոչելու ռազմավարությունների մշակման կարևոր գործընթացի մեկնարկը: Հայաստանն իր տեսլականը ներկայացրեց, և բավական կարևոր է, որ Արցախն ու Սփյուռքը ևս հանդես գան հստակ առաջարկներով, որոնց ամբողջացման արդյունքում էլ կարող է հաստատվել համազգային օրակարգը՝ իր նպատակներով ու գործողությունների հստակ ծրագրով: 

Լիանա Հովհաննիսյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am