Բրեքսիթ. «ամուսնալուծություն» գործարքով, թե՞ առանց գործարքի

Armenpress 18:03, 6 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019թ. գարնանից սկսած ԵՄ-ում մեկնարկած ընտրական գործընթացներից, ինչպես նաև հուլիսին Մեծ Բրիտանիայում վարչապետի ընտրությունից հետո, Եվրոպայում և Մեծ Բրիտանիայում ամենաարդիական ու քննարկվող հարցերից մեկը շարունակում է մնալ Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու հարցը։ Դեռևս 2017թ.-ին մեկնարկած «Բրեքսիթի» գործընթացը շուրջ 2 տարի է ինչ եվրոպական օրակարգում է, սակայն դեռևս հանգուցալուծում չի ստացել։ Ինչպես ցույց են տալիս ընթացիկ  զարգացումները՝ գործընթացն անընդհատ ձգձգվում է՝ կողմերի` փոխզիջման հասնելու դժվարությամբ և ներքաղաքական հակասություններով պայմանավորված: Թերևս այդ գործոններով կարելի է բացատրել նաև «Բրեքսիթի» հարցում ընդհանուր հայտարարի գալու անհնարինությամբ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հրաժարականը և «Բրեքսիթի» վերջնաժամկետի երկարաձգումը (վերջին անգամ այն տեղափոխվել է 2019թ. հոկտեմբերի 31):

 Հետաքրքրական է, որ մինչ այժմ կողմերը քննարկել են միայն «ամուսնալուծությունից հետո կողմերի միջև սեփականության բաշխման պայմաններին» (Քաղաքական հռչակագիր) առնչվող մի շարք հարցեր, որոնք հետագայում կարող են հիմք ծառայել երկկողմ հարաբերությունների կարգավորման համար: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ԵՄ-ում ՄԲ քաղաքացիների իրավունքների երաշխավորմանը, Իռլանդիայի հետ սահմանի վերականգնմանը և  «Բրեքսիթից» հետո մի քանի տարվա անցումային շրջանին Մեծ Բրիտանիայի՝ «ԵՄ-ից դուրս գալու գնին», որն, ի դեպ, համաձայն՝ 2019թ. հուլիսին հրապարակված ՄԲ Ֆիսկալ ռիսկերի զեկույցի՝ գնահատվում է 33 միլիարդ Ֆունտ ստերլինգ: Սակայն, ինչ վերաբերում է հետագայում երկկողմ առևտրային հարաբերությունների տեսլականին, դեռևս չկան հստակ հայտարարություններ, որոնք լիարժեքորեն կարտահայտեն այս հարցում կողմերի հիմնական մոտեցումները:   

Այժմ, Մեծ Բրիտանիայում ընտրված նոր վարչապետ Բորիս Ջոնսոնը, կարծես թե, վճռական է տրամադրված գործընթացը սահմանված վերջնաժամկետում իր հանգուցալուծմանը հասցնելու գործում՝ գործարքով կամ առանց դրա, ինչի մասին նա բազմիցս հայտարարել է ինչպես նախընտրական քարոզչության, այնպես էլ հետընտրական շրջանում: Ըստ էության, Ջոնսոնն աջակցում է «կոշտ Բրեքսիթի» գաղափարին և ժամանակին նա (դեռ որպես արտգործնախարար) ու բնապահպանության նախարար Մայքլ Գոուվը վարչապետ Թերեզա Մեյին անգամ նամակ հղել՝ կոչ անելով «Բրեքսիթի» հարցում առավել կոշտ դիրքորոշում որդեգրել:

Արդեն որպես նորանշանակ վարչապետ՝ Ջոնսոնն այժմ փորձում է օրակարգ մտցնել ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ գործարքի դրույթները վերանայելու հարցը: Հատկանշական է, որ նա մի կողմից փորձում է բանակցել, մյուս կողմից՝ կոչ է անում թիմակիցներին և գործընկերներին չվախենալ առանց գործարքի «Բրեքսիթից» և պատրաստ լինել անգամ Եվրամիության հետ Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններով առևտուր անելուն: Ջոնսոնին այս հարցում թերևս ոգևորում է ԱՄՆ աջակցությունը. Թրամփի վարչակազմը պատրաստակամություն է հայտնել «Բրեքսիթից» հետո աջակցել Մեծ Բրիտանիային՝ փոխհատուցելու հնարավոր տնտեսական ծախսերն ու հնարավորինս արագ հաղթահարելու գործընթացի կորստաբեր հետևանքները: ԱՄՆ-ն պատրաստ է Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ–ից դուրս գալուց հետո առևտրային համաձայնագիր կնքել Լոնդոնի հետ, ինչն, ըստ նրա, չորս-հինգ անգամ կավելացնի երկկողմ առևտրի ծավալը:

Այլ հարց է, թե Եվրոպական Հանձնաժողովը կգնա՞ զիջումների, թե ոչ, քանզի վերջինս քանիցս արտահայտել է իր հստակ դիրքորոշումն այս հարցում, այն է՝ Թերեզա Մեյի կառավարության հետ համաձայնեցված համաձայնագիրը վերանայման ենթակա չէ։ Այնուամենայնիվ, Եվրոպական հանձնաժողովը չի բացառել  բանակցությունները ԵՄ Խորհրդի կողմից հրապարակած Քաղաքական հռչակագրի շուրջ: Սա ենթադրում է, որ ԵՄ-ն պատրաստ է քննարկել Քաղաքական հռչակագրում ամրագրված այն կետերը, որոնք հետագայում հիմք են հանդիսանալու երկկողմ հարաբերությունների շարունակականության ապահովման համար:

Ստեղծված իրավիճակում իրադարձությունները կարող են զարգանալ մի քանի  սցենարով: Հավանական տարբերակներից մեկը՝ կրկին «Բրեքսիթի» վերջնաժամկետի երկարաձգումն է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր Եվրոպական Հանձնաժողովն սկսելու է գործել նոյեմբերի 1-ից,  և չբացառելով նոր գործարքի կամ առնվազն գործարքի մեջ որոշ դրույթների վերանայման շուրջ բանակցությունների հավանականությունը՝ «Բրեքսիթի» իրագործման ժամկետները, թեկուզ կարճաժամկետ, կարող են երկարաձգվել:

Հաջորդը՝ չի բացառվում նաև նոր հանրաքվեի անցկացումը, սակայն, այս անգամ որոշելու ոչ թե «Բրեքսիթն» իրականացնելու կամ չեղարկելու, այլ՝ «Բրեքսիթը» գործարքով կամ առանց գործարքի իրականացնելու հարցը: Այս դեպքում պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ հանրաքվեի անցկացումն օրենքով պարտադիր չէ և ունի միայն խորհրդատվական բնույթ, սակայն ինչպես ցույց տվեց 2011թ. փորձը (ՄԲ խորհրդարանական ընտրությունների ընտրական կարգի հետ կապված)՝ այն կարող  է օրինական ուժ  ունեցող գործընթացների հիմք դառնալ:

Եվ վերջապես, հաշվի առնելով կողմերի դիրքորոշումներում պահպանվող հակասությունները, Բորիս Ջոնսոնի վճռականությունը «Բրեքսիթը» նախատեսված ժամկետում իրագործելու հարցում, ինչպես նաև մինչև «Բրեքսիթի» վերջնաժամկետը մնացած կարճ ժամանակահատվածը (չորս ամսից էլ քիչ), առավել հավանական է գործընթացը զարգանա առանց գործարքի «Բրեքսիթի» սցենարով: Նման հնարավոր զարգացումն, անշուշտ, խնդրահարույց կլինի ինչպես ԵՄ համար, այնպես էլ բրիտանական կողմի համար: Չենք կարող նաև բացառել, որ նույն բրիտանական խորհրդարանի անդամները չհամաձայնեն Ջոնսոնի առաջարկած՝ առանց գործարք «Բրեքսիթի» տարբերակին և կրկին օրակարգում հայտնվի վարչապետին անվստահություն հայտնելու հարցը:

Գոհար Հովհաննիսյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am