Արայիկ Հարությունյանն Արցախի քաղաքական ուժերին կոչ արեց տարաձայնությունները լուծել սեղանի շուրջ

Armenpress 15:14, 6 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն ԱՀ բոլոր քաղաքական ուժերին կոչ է անում տարաձայնությունները լուծել սեղանի շուրջ և բանակցությունների միջոցով:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հարությունյանը խոսել է օգոստոսի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Մենք ունենք բավարար ռեսուրս, կամք, ցանկություն, որ սեղանի շուրջ մեր բոլոր հարցերի պատասխանները ստանանք: Այսօր ես ուզում եմ Արցախի բոլոր քաղաքական ուժերին, քաղաքական գործիչներին կոչ անել` սկսել քայլեր ձեռնարկել, նստել սեղանի շուրջ, և այն բոլոր տարաձայնությունները, որոնք կան, լուծել սեղանի շուրջ, բանակցությունների միջոցով»,- ասաց Հարությունյանը:

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահն, անդրադառնալով ընտրապայքարի ընթացքում բռնության հավանական կիրառմանը, նշեց, որ այն պետք է բացառել, իսկ ովքեր բռնություն կկիրառեն, պետք է պատասխանատվության ենթարկվեն:

«Մենք թույլ չենք տա, որ Ղարաբաղում բռնություն կիրառվի ոչ միայն քաղաքական գործընթացներում, այլ ընդհանուր առմամբ: Եթե տեղի է ունենում խուլիգանություն, իրավապահները գնահատական են տալիս, դա ընդունելի է, այդպես էլ պետք է լինի: Չենք կարող բացառել, որ ցանկացած պահի կարող է նման բան տեղի ունենալ, բայց բռնություն կիրառելն անթույլատրելի է, և ով փորձի օրենքը խախտել, պետք է պատասխանատվության ենթարկվի»,- նշեց նա:

Արայիկ Հարությունյանն Արցախի համար ցանկալի չհամարեց նաև նախագահական և այլ ընտրությունների ընթացքում հանրահավաքային պայքարը, և նշեց, որ պետք է քայլեր ձեռնարկել այդպիսի պայքարը կանխելու ուղղությամբ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am