1000х90.jpg (78 KB)

Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական գործողությունները նոր փուլ են թևակոխելու

Armenpress 14:47, 6 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» անունները կրող ռազմական գործողություններով սկսված գործընթացը շատ շուտով նոր փուլ է թևակոխելու:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Հարկ եղած դեպքում բանակցելով, հարկ եղած դեպքում փափուկ ուժի կիրառմամբ մենք պաշտպանելու ենք մեր ազգային շահերը»,- նշել է Էրդողանը:

Սիրիայի հյուսիսային շրջանները «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից մաքրելու պատրվակով Թուրքիան 2016-2017 թվականների ընթացքում իրականացրել է «Եփրատի վահան» անունը կրող ռազմական գործողությունները, որի շրջանակում հարվածներ է հասցրել Սիրիայի քրդերին: Գործողությունները սկսվել էին սահմանային Ջերաբլուս քաղաքից, ապա թուրքական զորքերը մտել էին Էլ-Բաբ: Ավելի ուշ՝ 2018 թվականին, նույն պատրվակով թուրքական բանակը ռազմական գործողություններ էր սկսել Աֆրինի շրջաններում, որը ստացել էր «Ձիթենու ճյուղ» անվանումը: 

ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը օգոստոսի 6-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ընդունի Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվելիք որևէ միայնակ գործողություն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am