Երևանում հարգանքի տուրք մատուցվեց Հիրոսիմայի զոհերի հիշատակին

Armenpress 12:42, 6 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ երեխաների ձեռքով պատրաստված «Խաղաղության լապտերները» կուղևորվեն Ճապոնիա, որտեղ ճապոնացի երեխաների կողմից կհանձնվեն ջրին և, նավարկելով, աշխարհին կհիշեցնեն Հիրոսիմայում և Նագասակիում ատոմային ռումբերի պայթյուններից զոհվածների մասին:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 6-ին Երևանում տեղակայված «Խաղաղության ուխտի» հուշաքարի մոտ տեղի ունեցած ոգեկոչման արարողության ընթացքում ասաց Հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանը:

«74 տարի առաջ հենց այս օրը մարդկության պատմության մեջ առաջին անգամ ճապոնական Հիրոսիմա քաղաքում կիրառվեց հրեշավոր մի զենք` ատոմային ռումբ անունով, երեք օր անց` օգոստոսի 9-ին երկրորդ ռումբը հիմնահատակ արեց նաև Նագասակի քաղաքը: Ողջ երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում զոհերի թիվն անցավ 60 մլնը, և սրանք ընդամենը չոր փաստեր են, որոնք գրանցված են աշխարհի գրեթե բոլոր դասագրքերում, և չկան տեղեկություններ այն մասին, թե 60 մլն զոհերից բացի, քանի մլն երեխաներ որբացան, նրանցից քանիսը հաշմանդամություն ձեռք բերեցին կամ զրկվեցին իրենց տնից, տեղից, հարազատներից, հայրենիքից, երջանիկ ապագայից: Անհրաժեշտ է չդադարել ոգեկոչել զոհերի հիշատակը, պահանջել ճանաչում, ճշմարտությունը փոխանցել սերունդներին, քանի որ, եթե մոռանանք, և չհիշենք անմեղ զոհերին, չհարգենք նրանց հիշատակը, մենք կսպանենք նրանց երկրորդ անգամ: Յուրաքանչյուր տարի մեր երեխաների կողմից պատրաստված գունագեղ ձեռակերտ լապտերներն ուղևորվում են Ճապոնիա, ժամեր հետո հայ երեխաների նկարազարդ լապտերները ճապոնացի երեխաների ձեռքով հանձնվում են ջրին Հիրոսիմայում, և գետով նավարկելով հիշեցնում ատոմային ռումբի զոհերի մասին»,-նշեց կենտրոնի նախագահը:  

«Հիկարի» կենտրոնի սաները հայերեն և ճապոներեն լեզուներով խաղաղության հոքուներ ընթերցեցին՝ նվիրված ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակին և խաղաղության պահպանմանը ողջ աշխարհում, այնուհետև թղթե կռունկներին ամրացված հոքուները տեղադրվեցին զբոսայգում գտնվող «Խաղաղության ուխտ»-ի հուշաքարին:

Ոգեկոչման արարողությանը ներկա էին Հայաստանում Ճապոնիայի փոխդեսպանը, ճապոնացի զբոսաշրջիկներ և այլք:

1945թ. օգոստոսի 6-ին և 9-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ԱՄՆ զինված ուժերը ատոմային ռումբեր գցեցին Ճապոնիայի Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքների վրա: Հիրոսիմայում զոհվածների թիվը 90-166 հազար էր, իսկ Նագասակիում՝ 60-80 հազար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am