Ոստիկանությունը հասարակության հետ կապի ամրապնդման միջոցառումներ է անցկացրել Սյունիքի մարզում 

Armenpress 20:08, 5 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օրերս ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի հանձնարարականով Կապանի, Գորիսի, Սիսիանի և Մեղրիի բաժնի ծառայողները բնակչության շրջանում իրականացրել են պրոֆիլակտիկ բնույթի միջոցառումներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանները բազմաբնակարան շենքերի բնակիչների հետ բակային հանդիպումների ընթացքում հորդորել են ձեռնարկել համապատասխան միջոցներ բնակարանային գողությունների դեպքերը կանխելու ուղղությամբ, իսկ դրանց կատարվելու դեպքում անմիջապես դիմել ոստիկանություն, քանի որ հանցագործությունների զգալի մասը թարմ հետքերով բացահայտվում է արագ արձագանքման շնորհիվ։

Սյունիքի ոստիկանները բնակիչներին խորհուրդ են տվել տնից երկարատև բացակայելու դեպքում տեղյակ պահել տարածքը սպասարկող համայնքային ոստիկանին, որպեսզի համապատասխան միջոցներ ձեռնարկվեն քաղաքացիների գույքը հանցավոր ոտնձգություններից պաշտպանելու համար։

Հանդիպումների ընթացքում ոստիկանության ծառայողները լսել են նաև քաղաքացիների առաջարկությունները, դրանք դարձրել են քննարկման առարկա։

Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման նպատակով տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում-քննարկումներ են իրականացվել նաև ոստիկանության Սյունիքի մարզային վարչության տարածքային ստորաբաժանումներում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am