Դոնալդ Թրամփի «դարի գործարքը» հնարավոր իրացմանն ընդառաջ

Armenpress 18:07, 5 Օգոստոս, 2019

ԱՄՆ նախագահ Դ․ Թրամփի թիմը Մերձավոր Արևելքում իր բանագնացներին՝ «Տղե՛րք, եթե դուք կարողանաք անել դա, դուք կդառնաք պատմության մեծագույն բանակցողները։ Չի կարելի թույլ տալ, որ պապերի հակամարտությունը կասեցնի երեխաների ապագան»։

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 31-ին մեկնարկել է ԱՄՆ նախագահի փեսա և ավագ խորհրդական Ջարեդ Քուշների գլխավորած պատվիրակության մերձավորարևելյան հերթական այցը, որի շրջանակում այն այցելել է Հորդանան, Իսրայել, Սաուդյան Արաբիա, Եգիպտոս, Մարոկկո։ Այցի նպատակը Դոնալդ Թրամփի հովանու ներքո պաղեստինաիսրայելյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին նոր թափ հաղորդելն է, մասնավորապես՝ հերթական համաժողովի նախապատրաստումը, որը, դեռևս հակասական տեղեկատվության համաձայն, հնարավոր է՝ տեղի կունենա ԱՄՆ-ում՝ ենթադրաբար նախագահի Քեմփ-Դևիդյան նստավայրում։ Հանդիպման ժամկետները դեռ հստակեցված չեն, քանի որ դրանց վրա էական ազդեցություն ունեն տարածաշրջանային և լոկալ մի շարք գործընթացներ, ինչպես օրինակ՝ Իրանի շուրջ ծավալվող գործընթացները, սիրիական հակամարտությունը, ԱՄՆ-Թուրքիա հակասությունները, Իսրայելի ներքաղաքական իրավիճակը՝ մասնավորապես սեպտեմբերի 17-ին նախանշված խորհրդարանական ընտրությունները և այլն։

Ընդհանուր առմամբ, Սպիտակ տանը հաստատված ներկա վարչակազմի մերձավորարևելյան քաղաքականության ուղեգծում սահմանված առանցքային ուղղություններն են եղել Իսրայելի անվտանգության ապահովումն ու ԱՄՆ-ի տնտեսական առաջնահերթությունները՝ պայմանավորված հատկապես Պարսից ծոցի արաբական միապետությունների հետ հարաբերությունների զարգացմամբ։ Առաջին քաղաքական ուղեգծի տրամաբանության շրջանակում իրականացված քայլերից են, օրինակ, Իրանի մեկուսացման քաղաքականության նախաձեռնումը, տարածաշրջանում Իսրայելի ամենաթող գործելաոճին նպաստելը, ամբողջական Երուսաղեմը Հրեական պետության մայրաքաղաք ճանաչելը և ԱՄՆ դեսպանությունն այնտեղ տեղափոխելը, Գոլանի բարձունքներն Իսրայելի անքակտելի մաս ճանաչելը և այլն։ Նույն ուղղությամբ ԱՄՆ գործող վարչակազմի ամենաառանցքային ծրագրերից մեկն էլ պաղեստինաիսրայելյան հիմնախնդրի կարգավորմանը նվիրված Դոնալդ Թրամփի ծրագիրն է, որը համաշխարհային մամուլում և քաղաքական շրջանակներում արդեն իսկ ստացել է «դարի գործարք» անվանումը։

«Դարի գործարքի» առաջին՝ տնտեսական բաղադրիչի հրապարակումը՝ «Խաղաղություն հանուն բարգավաճման» (Տնտեսական նախագիծ. Պաղեստինի ժողովրդի նոր տեսլականը) խորագրի ներքո, տեղի է ունեցել ս․թ․ հունիսի 25-26-ին Բահրեյնի մայրաքաղաք Մանամայի երկօրյա միջազգային համաժողովում՝ ծրագրի «կնքահայր»  Ջարեդ Քուշների համակարգման ներքո։ Չնայած միջոցառման առնչությամբ իրականացված լայն քարոզչական արշավին, այնուամենայնիվ, ներկայացված եվրոպական և արաբական երկրների մասնակցությունն անհերքելիորեն ցածր մակարդակի էր․ համաժողովի արդյունավետության աստիճանն էլ փորձագիտական շրջանակները գնահատել են բավական ցածր։  

Ընդհանուր առմամբ 179 նախագծից կազմված, շուրջ 50 մլրդ դոլար գնահատվող  տնտեսական նախագիծը  ենթադրում է միջազգային ներդրումային հիմնադրամի ձևավորում և նախատեսում է ներգրավված ֆինանսական միջոցներից 10 տարվա ընթացքում ավելի քան 27,5 մլրդ դոլար ներդնել Պաղեստինում՝ միտված անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորմանը, տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը, ինչպես նաև շուրջ 23 մլրդ դոլար հատկացնել  Եգիպտոսի, Հորդանանի և Լիբանանի պաղեստինցիների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանն ուղղված նախագծերին՝ համապատասխանաբար, 9,1, 7,4 և 6,3 մլրդ դոլար չափով։

Նախագծի ուղղակի սուբյեկտ հանդիսացող արաբական կողմը հիմնականում դեմ է ամերիկյան առաջարկերին։ Պաղեստինյան ինքնավարությունն ամբողջովին մերժել է Դ․Թրամփի ծրագիրը, նրա ղեկավար Մահմուդ Աբասն այն որակել է «որպես մեծագույն սուտ, որը հորինվել է մարդկանց հիմարեցնելու համար»․ ի դեպ, Պաղեստինից Բահրեյնի համաժողովին մասնակցել է ընդամենը ինքնավարության իշխանության հետ կապ չունեցող մի քանի անկախ գործարար։ Լիբանանը ևս հրաժարվում է ընդունել «դարի գործարքի» պայմանները, իսկ Հորդանանն ու Եգիպտոսն իրենց հերթին պնդում են, որ պաղեստինաիսրայելյան հիմնախնդիրը պետք է հանգուցալուծվի «երկու պետություն երկու ժողովուրդների համար» սկզբունքով՝ մինչև 1967թ․ սահմաններում՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան բանաձևերի հիման վրա։ Վերոնշյալ արաբական երկրների նման մոտեցումը կարելի է պայմանավորել այն իրողությամբ, որ Դ․Թրամփի ծրագիրը, ըստ առկա ոչ միանշանակ տեղեկատվության, չի ենթադրում ինչպես պաղեստինյան պետության ստեղծում՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով, այնպես էլ՝ միլիոնավոր պաղեստինցի փախստականների վերադարձ դեպի հայրենիք, այլ նրանց՝ Եգիպտոսի, Լիբանանի, Հորդանանի քաղաքացիության շնորհում, ինչը բավական խնդրահարույց հանգամանք է այդ երկրների համար սոցիալ տնտեսական, քաղաքական և անվտանգային առումներով։

Տարածաշրջանում Վաշինգտոնի գործընկեր Պարսից ծոցի արաբական միապետությունները, ըստ էության, դեմ չեն ամերիկյան ծրագրին՝ ոչ հրապարակային կերպով պատրաստակամություն արտահայտելով  տարաբնույթ աջակցություն ցուցաբերել դրա իրացմանը(տնտեսական, ՊԻ ղեկավարության վրա ճնշման եղանակով և այլն), մինչդեռ որևէ արաբական երկիր չի կարող կողմ արտահայտվել մի ծրագրի, որը մերժվում է հենց պաղեստինցիների կողմից։ Բացի այդ, պաղեստինցիների շրջանում ևս չկա որևէ դերակատար, որի հետ համագործակցելով՝ Սպիտակ տունը կկարողանար առաջ մղեր իր ծրագիրը։

«Դարի գործարքի» հանդեպ հիմնական սուբյեկտ հանդիսացող արաբական դերակատարների թերահավատության հիմնավոր պատճառներից մեկն էլ Դ․Թրամփի վարչակազմի բացահայտ իսրայելամետ լինելու իրողությունն է, որի՝ անցյալ 2 տարիների որոշ դրսևորումներ նշվել են վերևում։ Իսկ ցանկացած միջնորդական առաքելության առավելագույն արդյունավետության առանցքային նախապայմաններից է միջնորդի հնարավորինս անկողմնակալ վարքը։ Քուշների գլխավորած պատվիրակության այցի հրապարակային արդյունքների համաձայն, կարելի է ենթադրել, որ արաբական կողմերի դիրքորոշումներում էական տեղաշարժ արձանագրել չի հաջողվել։

 Ինչ վերաբերում է Դ․Թրամփի ծրագրի շուրջ 60 էջանոց քաղաքական բաղադրիչին, ապա այն դեռևս գաղտնի է պահվում, բայց, կարծես, պարզ է, որ չի ենթադրում պաղեստինյան պետության ստեղծում։ Միջազգային բանակցություններում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյսոն Գրինբլատը հուլիսի 23-ին ՄԱԿ-ի ԱԽ-ի Մերձավոր Արևելքում իրավիճակին նվիրված ընթացիկ նիստին նշել է, որ ամերիկյան ծրագիրը հիմնված է լինելու ոչ թե միջազգային իրավունքի նորմերի կամ  «միջազգային փոխզիջումների մասին խաբկանքի» վրա, ինչը կողմերից յուրաքանչյուրի տարամեկնաբանության պատճառով տասնամյակներ շարունակ չի արձանագրել որևէ անարդյունավետություն, այլ պարունակելու է հիմնախնդրի կարգավորմանը միտված բոլորովին նոր մոտեցումներ։ Հետևաբար կարելի է ենթադրել, որ ամերիկյան ծրագրի քաղաքական բաղադրիչն էականորեն տարբերվելու է ցայժմ օրակարգում եղած բոլոր նախագծերից, որոնց հիմքում հենց «երկու պետություն երկու ժողովուրդների համար» բանաձևն էր՝ տարբեր մոտեցումներով։ Իսկ նման պայմաններում, բավական մեծ է կասկածն այդքան սպասված «դարի գործարքի» արդյունավետության հարցում։ Եվ չնայած գործընթացում բազմաթիվ ստվերային տարրերի առկայության, այդուհանդերձ, հաշվի առնելով նաև մերձավորարևելյան տարածաշրջանում ստեղծված գերլարված իրավիճակը և հիմնախնդրի հետ առնչություններ ունեցող երկրներ Քուշների գլխավորած պատվիրակության այցի ոչ միանշանակ արդյունքները, ամենայն հավանականությամբ Սպիտակ տանը որոշում կկայացվի՝ դեռևս չշտապել խաղաղության ծրագրի ակտիվացման հարցում՝ չնայած որ 2020թ․ աշնանն ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ հետհաշվարկն արդեն իսկ մեկնարկել է։

Արմեն Պետրոսյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am