Սոչիի հանդիպմանն ընդառաջ Իրանն Ադրբեջանից պահանջում է հավատարիմ մնալ պարտավորություններին

Armenpress 15:42, 5 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիում օգոստոսի երկրորդ կեսին նախատեսվում է Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը, որին նախորդելու է երեք երկրների էկոնոմիկայի նախարարների հանդիպումը:

Օրերս Իրանում էր Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար, Իրան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Շահին Մուստաֆաևը, որն Իրանում հանդիպում է ունեցել իր նախկին գործընկեր, իսկ ներկայում Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաէզիի, ԻԻՀ էկոնոմիկայի նախարար Ֆարհադ Դեժփասանդի, ինչպես նաև ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի հետ:

Թեհրանում կայացած հանդիպումների օրակարգում ընդգրկված են եղել Իրան-Ադրբեջան առևտրատնտեսական հարաբերություններին, մասնավորապես Իրան-Ադրբեջան երկաթգծի շինարարությանն առնչվող հարցերը:

Մամուլի հրապարակումների համաձայն՝ Սոչիում կայանալիք Ռուհանի-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման օրակարգային հարցերից մեկն առնչվելու է «Հյուսիս-հարավ» միջանցքի շրջանակներում համագործակցությանը:

Այս համատեքստում անհրաժեշտ է ընդգծել, որ Հայաստանն ընդգրկված է «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքում և Իրանի հետ ՀՀ համագործակցությունն այդ միջանցքի շրջանակներում է նախատեսվում:  

Ինչ վերաբերում է «Հյուսիս-հարավ» միջանցքի շրջանակներում Իրան-Ադրբեջան համագործակցությանը, ապա պետք է նշել, որ միջուկային համաձայնությունից հետո առկա էր բավական ակտիվ համագործակցություն, կողմերը պայմանավորվեցին Իրան-Ադրբեջան երկաթգիծ կառուցել, մասնավորապես ադրբեջանական կողմը նախ հայտարարեց Ռաշտ-Աստարա հատվածում 500 մլն. դոլար ներդրում կատարելու մասին, այնուհետև այն վերաձևակերպվեց որպես վարկի տրամադրում, որը մինչ օրս ի կատար չի ածվել:

Իրականում այդ նախագիծը բաղկացած է երկու մասից: Առաջին փուլով իրանական Աստարան միանում է ադրբեջանական Աստարային: Երկաթգծի 8.5 կմ հատվածը կառուցվել է Ադրբեջանի, իսկ 1.5 կմ-ը Իրանի տարածքում: Այս երկու հատվածները միմյանց են միանում Աստարաչայ գետի վրա կառուցված 80 մետրանոց կամրջի միջոցով, 2018թ. մարտի 28-ին էլ տեղի է ունեցել երկաթգծի բացման պաշտոնական արարողությունը:

Ինչ վերաբերում է երկրորդ փուլին, ապա ս.թ. մարտին գործարկվեց Ղազվին-Ռաշտ հատվածը, այս պահին անհրաժեշտ է կառուցել  Ռաշտ-Աստարա 170 կմ. հատվածը, որի վերաբերյալ էլ նախօրեին ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարն ԱՀ էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպմանը հիշեցրել է 500 մլն. դոլար ներդրում կատարելու Բաքվի խոստումը՝ հորդորելով կատարել ստանձնած պարտավորությունները:

Ինչպես նշեցինք՝ ադրբեջանական կողմը 500 մլն. դոլարի մասին հայտարարությունն արել էր միջուկային համաձայնությունից հետո, երբ ԱՄՆ-ն դուրս չէր եկել միջուկային համաձայնությունից և Իրանի նկատմամբ չէին վերականգնվել պատժամիջոցները:

Սակայն, ինչպես ցույց են տալիս Ադրբեջանի գործողությունները և դրանց Իրանի արձագանքը, այս պահին Բաքուն պատրաստ չէ ներդրում կատարել Իրանի տարածքում կառուցվելիք երկաթուղային ճանապարհի նախագծում:

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարը դեռ 2019թ. հունվարին Ռաշտ-Աստարա երկաթգծի կառուցմանն ադրբեջանական կողմի մասնակցության վերաբերյալ խուսափողական պատասխան էր տվել՝ Բաքվի դիրքորոշումը պայմանավորելով Իրանի շուրջ առկա լարված իրավիճակով:

Դատելով այն հանգամանքից, որ Բաքուն երկաթգծի կառուցմանն իր մասնակցությունը դեռ հունվարին էր պայմանավորում Իրանի շուրջ լարված իրավիճակով, ապա այժմ, երբ Իրան-Միացյալ Նահանգներ, Իրան-Մեծ Բրիտանիա հարաբերությունները գտնվում են չափազանց լարված իրավիճակում, երբ Հորմուզի նեղուցում առկա իրավիճակով պայմանավորված հնարավոր է լարվածություն առաջանա Էր Ռիադ-Թեհրան հարաբերություններում, երբ Իրաքի տարածքում Իսրայելի գործողություններով պայմանավորված հնարավոր է անկայունանա նաև Իրան-Իրաք սահմանը, նման պայմաններում բնական է, որ Ադրբեջանը ձեռնպահ կմնա նման խոշորամասշտաբ նախագծում ներդրումներ կատարելուց, առավել ևս, որ մեր համոզմամբ 500 մլն. ներդրում կատարելու հարցը մշտապես ունեցել է քարոզչական նշանակություն:  

Անդրադառնալով Սոչիի հանդիպմանը՝ նկատենք, որ Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների առաջին եռակողմ հանդիպումը տեղի էր ունեցել 2016թ. օգոստոսին: Եթե առաջին հանդիպման ժամանակ օրակարգային հարցերն ավելի շատ առնչվում էին տնտեսական համագործակցությանը, ապա այժմ այն կայանում է երեք երկրների համար կարևոր մի ժամանակաշրջանում, երբ կողմերն ավելի շատ փորձելու են ճշգրտել տարածաշրջանային զարգացումների շուրջ միմյանց դիրքորոշումները, քան տնտեսական հարցերի շուրջ ձեռք կբերեն իրական համաձայնություններ:

Իրանին առնվազն հետաքրքրում են հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ Հասան Ռուհանին Սոչիում կփորձի պարզաբանումներ ստանալ Բաքվից և Մոսկվայից:

Միացյալ Նահանգների կողմից Իրանի նկատմամբ վարվող պատժամիջոցների քաղաքականություն, Կասպից ծովի իրավական կարգավիճակի հարց, որի վերաբերյալ կոնվենցիան ստորագրվեց ուղիղ մեկ տարի առաջ, ՌԴ կողմից Թուրքիային S-400 ՀՀՊ համակարգերի վաճառք, որի առնչությամբ Իրանում ՌԴ դեսպանն օրերս ուշագրավ պարզաբանումներ է տվել, Ադրբեջանի՝ Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկում, որի վերաբերյալ օրերս պաշտոնական հայտարարություն է արել Բաքուն:

Արմեն Իսրայելյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am