ՀՀ դեսպանը հանդիպել է Կիևի մարզային պետական վարչակազմի նորանշանակ ղեկավար Միխայլո Բնո-Այրիյանի հետ

Armenpress 18:33, 2 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հուլիսի 31-ին հանդիպել է Կիևի մարզային պետական վարչակազմի նորանշանակ ղեկավար Միխայլո Բնո-Այրիյանի (Mykhailo Bno-Airiian) հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման սկզբում դեսպան Սեյրանյանը շնորհավորել է հայազգի նահանգապետին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել պատասխանատու պաշտոնում։ 

Միխայլո Բնո-Այրիյանը ներկայացրել է իր առաքելության առաջնայնությունները և Կիևի մարզում արմատական բարեփոխումների ծրագիրը։ Նահանգապետը մեծապես կարևորել է միջազգային կապերի զարգացումը։ Այս առումով զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ուկրաինական ապակենտրոնացված համագործակցության հեռանկարների և Հայաստանի մարզերից մեկի ու Կիևի մարզի միջև գործընկերային կապեր հաստատելու, համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունների վերաբերյալ։

Դեսպանն ուկրաինահայ պաշտոնյային ներկայացրել է Հայաստանում ընթացող խորքային բարեփոխումները։

Տիգրան Սեյրանյանը և Միխայլո Բնո-Այրիյանը քննարկել են նաև մարզում բնակվող և գործունեություն ծավալող հայերի խնդիրները։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am