Բարեգործական համերգով մարզերի դպրոցները կունենան երաժշտական դասարաններ

Armenpress 13:39, 2 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պահենք հայկական սահմանները հոգեպես ամուր» ծրագրի շրջանակում անցկացվող բարեգործական համերգի հասույթով սահմանամերձ գյուղերի դպրոցները կունենան երաժշտական դասարաններ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում՝ «Unison Duet Music Production»-ի համահիմնադիր, դաշնակահարուհի Շուշան Հակոբյանը նշեց, որ ծրագիրն իրականացվում է արդեն 4 տարի:

«Արդեն 3-ը մենք զբաղվում ենք սահմանամերձ գյուղերի երաժշտական դպրոցների աջակցությամբ: 2018 թվականին Աչաջուր գյուղում առաջին անգամ բացվեց ջութակի դասարան, որը մեծ հաջողություն ունեցավ: Մենք տրամադրել ենք գործիքներ և հոգացել ենք աշակերտների վարձերը»,- ասաց Հակոբյանը և հավելեց, որ սույն թվականին արդեն իսկ երկու համերգ են ունեցել Լոս Անջելեսում, Մոսկվայում և երրորդն էլ տեղի կունենա Երևանում:

Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակում նախատեսվում է Լուսաձոր և Ազատամուտ գյուղերում հիմնել ջութակի դասարաններ:

«Unison Duet Music Production»-ի համահիմնադիր, ջութակահար և կոմպոզիտոր Ռուբեն Աղիյանը նշեց, որ մեկ տարի առաջ Աչաջրում ստեղծված ջութակի դասարանի ուսուցիչների հետ մշտապես կապի մեջ են և պարբերաբար թրեյնինգներ են անցկացնում:

«Արդեն կարող ենք արձանագրել, որ այդ դպրոցի ջութակի դասարանի սաները Երևանի համերգի ժամանակ ելույթ կունենան մեզ հետ»,- ասաց Աղիյանը:

Նա ընդգծեց, որ իրենք ամեն տարի պատրաստվում են ավելացնել կենտրոնների քանակը և ցանկանում են ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի ՀՀ սահմանամերձ գյուղերը հնարավորություն ունենան ստանալ բարձրագույն կրթություն:

«Պլանավորել ենք դաշնամուրի ձեռնարկներ ստեղծել: Գյուղերի երաժշտական դպրոցներում առաջիկայում կփորձենք բացել նաև թավջութակի, կիթառի ու ալտի դասարաններ»,- ասաց ջութակահար և կոմպոզիտոր Ռուբեն Աղիյանը:

Անդրադառնալով գյուղերի ընտրության հարցին՝ Շուշան Հակոբյանը շեշտեց, որ արդեն տարբեր երաժշտական դպրոցների տնօրեններն են զանգահարում և կապ հաստատում իրենց հետ:

«Unison Duet Music Production»-ի համերգը կկայանա օգոստոսի 4-ին ժամը 19:00-ին՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

Համերգին հանդես են գալու «Unison Duet Music Production»-ի համահիմնադիր, դաշնակահարուհի Շուշան Հակոբյանը, «Unison Duet Music Production»-ի համահիմնադիր, ջութակահար և կոմպոզիտոր Ռուբեն Աղիյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, սոպրանո Իրինա Զաքյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, տենոր Հովհաննես Այվազյանը, Նյու Յորքից պրոֆեսոր, բարիտոն Վագո Օհանյանը և այլք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am