Բադասյանը հայտնել է, թե ինչու է Ստամբուլյան կոնվենցիայի հարցով դիմել Վենետիկի հանձնաժողով 

Armenpress 15:50, 1 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը կարող է օգտակար լինել, որպեսզի Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման ժամանակ ունենա անկախ մարմնի գնահատականը որոշակի տերմինների վերաբերյալ:

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 1-ին  «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի հանրային քննարկումից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Մենք ցանկացել ենք ընդամենը ունենալ խորհրդատվական կարծիք և այդ հանձնաժողովին չենք դիմել սահմանադրականության հարցով: Մեր հարցադրումները Վենետիկի հանձնաժողովին այլ են: Իսկ ինչու է որոշվել դիմել, որովհետև, կարծում ենք, որ այդ խորհրդատվական կարծիքը կարող է օգտակար լինել հանրային քննարկման շրջանակում, որպես անկախ մարմնի կողմից որոշակի գնահատական տրվի այդ կոնվենցիայում օգտագործվող որոշ տերմիների վերաբերյալ»,- եզրափակեց Բադասյանը:

Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել էր Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովին Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման սահմանադրական հետևանքների մասին կարծիք ստանալու համար:

«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Ստամբուլի կոնվենցիա) այն վավերացրած կառավարություններին հորդորում է մշակել կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության բոլոր ձևերի դեմ պայքարի համապարփակ միջոցառումներ։ Կոնվենցիայի դրույթներն ուղղված են բռնությունը կանխարգելելուն, բռնության զոհերին օգնելուն և երաշխավորելուն, որ մեղավորները կկանգնեն արդարադատության առաջ։ Դա ենթադրում է կանանց նկատմամբ բռնության տարբեր ձևերի, ինչպես՝ ընտանեկան բռնության, հալածանքի, սեռական ոտնձգության և հոգեբանական բռնության քրեականացում և դրա համար օրինական պատժամիջոցների կիրառում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am