ԱԽ քարտուղարը քաղհասարակության հետ քննարկել է ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակումը

Armenpress 19:21, 31 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման աշխատանքների շրջանակներում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 31-ին հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդից, հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է առկա պատկերացումները պատրաստվող փաստաթղթի բովանդակության, նպատակների և այն շրջանակող արժեքների ու շահերի մասին, ինչպես նաև ընթացող աշխատանքները և գրանցված արդյունքները։

Հաջորդիվ տեղի է ունեցել բովանդակային քննարկում ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման գործիքակազմերի և ընթացակարգերի, քաղաքացիական հասարակության ներառվածության աստիճանի ու ձևի, աշխատանքային ձևաչափերի ինչպես նաև առկա սպառնալիքների ու դրանց տրվող համակարգային լուծումների տարբերակների թեմաներով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am