ՀՀ-ԵՄ համաձայնագրի ուժի մեջ մտնելու հարցը տեխնիկական է. ԱԳ նախարարի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին

Armenpress 16:27, 31 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելու հարցն ավելի շատ տեխնիկական է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մարշալի հիմնադրամի ավագ հետազոտող Ջոնաթան Կացին տված հարցազրույցում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Այս կարևոր համաձայնագիրն ամրապնդում է աճող քաղաքական, տնտեսական երկխոսությունը և գործընկերությունը ԵՄ հետ: ՀԸԳՀ լիարժեք ուժի մեջ մտնելու հարցն ավելի շատ տեխնիկական է, քանի որ այն գործնականում կիրարկվում է: Ինչու՞: Քանի որ մենք արդեն իսկ ունենք համապատասխան մեխանիզմ՝ ժամանակավոր կիրարկում: Հայաստանը վավերացրել է համաձայնագիրը, Եվրոպական Խորհրդարանը՝ նույնպես, այժմ անհրաժեշտ է ԵՄ 28 երկրների վավերացումը, և նրանցից յուրաքանչյուրն ունի վավերացման իր սեփական ընթացակարգը: ԵՄ 18 անդամ երկրներ արդեն իսկ վավերացրել են այն: Հետևաբար, ներկայումս դեռ կա 10 երկիր, որ պետք է վավերացնի համաձայնագիրը, և նրանք պատրաստ են վավերացնել այն, քանի որ չկա որևէ քաղաքական խոչընդոտ: Սա պարզապես ներքաղաքական գործընթաց է: Փաստացի, առկա դրույթների 80%-ն արդեն իսկ կիրարկման փուլում է: Մենք համակարգել և համաձայնեցրել ենք կիրարկման ճանապարհային քարտեզը, և կիրարկումն իրականացվում է»,-

Մնացականյանը նշել է, որ համաձայնագիրը նոր իրավական հիմք է, որով Հայաստանը շարունակում է համագործակցությունը Եվրոպական միության հետ, և հետագա քայլեր ձեռնարկում այս ուղղությամբ՝ ի նպաստ հայ ժողովրդի:

«ՀԸԳՀ մի փաստաթուղթ է, որն առնչվում է բազմաթիվ ոլորտների, այն իր մեջ ներառում է քաղաքական, արդարադատության և ազատությունների մասեր, ինչպես նաև լայն ոլորտային հատված: Այն համապարփակ համաձայնագիր է, որը ներառում է տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի, առևտրի և տնտեսության, մշակույթի, կրթության և այլ ոլորտներ: Համաձայնագիրը նախատեսում է Հայաստանի և ԵՄ միջև օրենսդրական դաշտի մոտարկում, ինչպես նաև առևտրի և ներդրումների ոլորտում խթանում: Հետևաբար, ՀԸԳՀ մեզ համար գործիք է՝ առավել բարելավելու մեր նորմատիվ կամ չափորոշիչային կարգավորումները, որոնք պետք է նպաստեն մեր պետության զարգացմանը»,-

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am