1000х90.jpg (78 KB)

Աստղաթափ Բյուրականում. օգոստոս ամսին մեկ ժամում հնարավոր կլինի տեսնել 1000- ից ավելի ասուպ

Armenpress 13:23, 31 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում 2019 թվականի օգոստոսի 10-ին, 11-ին և 12-ին հնարավոր կլինի ականատես լինել գեղեցիկ երկնային երևույթի՝ Պերսեիդների ասուպային հոսքի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկնային այս երևույթի կապակցությամբ Բյուրականի աստղադիտարանում այցելուները կկարողանան մասնակցել «Վտանգավոր աստղակերպեր» խորագրով դասախոսությանը:

Այն կվարի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, իսկ ուշ երեկոյան հնարավոր կլինի կատարել մոլորակների և այլ երկնային մարմինների դիտումներ:

Ասուպային հոսքի ժամանակ, որը նաև կոչվում է աստղաթափ, 1 ժամում կարելի է դիտել 1000-ից ավելի ասուպ:

Տարվա ընթացքում դիտվում է շուրջ 20 ինտենսիվ ասուպային հոսք: Ասուպներ կարող են դիտվել ամեն օր, սակայն ասուպային հոսքերի օրերին դրանց թիվը կտրուկ ավելանում է:

Ասուպային հոսքի ժամանակ Երկիր մոլորակն Արեգակի շուրջն իր տարեկան պտույտի ժամանակ անցնում է մի շարք երկնաքարերի կույտերի միջով՝ արդյունքում առաջացնելով ասուպային հոսքեր: Շատերն այս երևույթը նմանեցնում են աստղաթափի: Առանձնահատուկ ինտենսիվ հոսքերը հայտնի են ասուպային (աստղային) անձրևներ, ասուպային բռնկումներ, ասուպային փոթորիկներ կամ աստղաթափեր անվանմամբ: 

Պերսեիդների ասուպային հոսքը սկսվում է հուլիսի 23-ին և ավարտվում օգոստոսի 22-ին, իսկ առավելագույն փուլը դիտվում է օգոստոսի 10-13-ին: Ասուպային հոսքի կենտրոնը գտնվում է Պերսեոս համաստեղության ուղղությամբ, որտեղից էլ և ծագում է անվանումը: Առավելագույն փուլի ժամանակ ասուպների թիվը հասնում է ժամում 60-100-ի, և սա տարվա ընթացքում ամենաակտիվ հոսքերից մեկն է:

Պերսեիդները սպիտակ արագընթաց ասուպներ են, որոնք, չնայած շատ փոքր չափերին, նկատելի հետքեր են թողնում երկնքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am