Ազգագրության ինստիտուտն ու «Բնօրրան»-ը համատեղ ուժերով են բացահայտելու Քարահունջի առեղծվածը

Armenpress 15:11, 30 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բնօրրան» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, որոնք երկար տարիներ իրարամերժ կարծիքներ են ունեցել Քարահունջ պատմամշակութային արգելոցի վերաբերյալ, համաձայնագիր են ստորագրել` որոշելով համատեղել ուժերը և պարզել Քարահունջն իրականում աստղադիտարա՞ն է, թե՞ հնավայր, բնակավայր, որն ունի դամբարանի կարգավիճակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին կողմերը հայտնեցին հուլիսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Բնօրրան»-ի խորհրդի անդամ Արևիկ Սարգսյանը, ներկայացնելով երկու կողմերի տարբեր մոտեցումները, մանրամասնեց. «Մեր կարծիքով, Քարահունջը, որտեղ կան 200-ից ավելի քարեր, որոնցից ութսունն անցքեր ունեն, հնագույն աստղադիտարան է, որն ուսումնասիրել, հետազոտել է Պարիս Հերունին, իսկ մինչ նա նման կարծիքներ են հայտնել այլ մասնագետներ: Մյուս տեսակետի համաձայն, Քարահունջը աստղադիտարան չէ: Այն ընդամենը հնավայր, բնակավայր է, որը դամբարանի կարգավիճակ ունի»,-պատմեց նա:

Ըստ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի և Քարահունջ պատմամշակութային արգելոցի հնավայրում պեղումներ իրականացնող հնագիտական արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի`պեղումների արդյունքում այնտեղ աստղադիտական որևէ գործիք չի գտնվել, քարերի մի մասը անցքեր ունեն նաև ներքևի հատվածում, ուստի դրանք ուղղված չեն աստղերին:

Փիլիպոսյանը շեշտեց, որ հուշարձանը եզակի է Անդրկովկասում: «Այն ուսումնասիրության կարիք ունի բոլոր առումներով: Մեր համաձայնագրի ստորագրման ժամանակ շատ հարցեր ենք քննարկել, նույնիսկ մտածել ենք այն մասին, որ գուցե ապագայում հնարավոր լինի հուշարձանի մոտ կառուցել թանգարան և այն բոլոր նյութերը, որոնք կան հնավայրի վերաբերյալ, ներկայացնել այնտեղ»,-եզրափակեց նա:

Երկու կողմերի համաձայնությամբ Քարահունջում դադարեցվել են պեղումները, որպեսզի աստղագետների, հնաստղագետների, հնագետների, բնագետների, երկրաբանների, ծիսագետների, տոմարագետների, ազգագրագետների և այլ մասնագետների հետ համատեղ գիտաժողով անցկացվի, հետազոտություններ իրականացվեն, մշակվի ծրագիր և դրա շուրջ ծավալվի աշխատանք, որը, ի վերջո, ընդհանրական եզրակացության կբերի կողմերին:

 Քարահունջը (Զորաց քարեր, Քարենիշ), նախապատմական մեգալիթյան կառույց է: Այն «Զորաց քարեր բնակատեղի» անունը կրող պատմամշակութային արգելոց և պետության կողմից պահպանվող հատուկ տարածք է: Մի շարք գիտնականներ և հետազոտողներ պնդում են, որ մեգալիթյան կառույցը աստղադիտարան է: Գիտական և սիրողական որոշ շրջանակներ մերժում են աստղադիտարան լինելու հանգամանքը և պնդում, որ այն դամբարանաշերտ է:

 Մեգալիթյան կառույցի անվան և նշանակության մասին առկա հակասական կարծիքներն ու պնդումները հաճախ վերածվում են վեճերի ինչպես գիտական, այնպես էլ հասարակական շրջանակների միջև:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am