ՔԿ-ի Շիրակի մարզային քննչական վարչությունը նոր շենք ունի

Armenpress 12:34, 30 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն  աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ, որտեղ մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության նոր վարչական շենքի բացման արարողությանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վարչական շենքի բացմանը ներկա են գտնվել նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մարզի դատաիրավական ոլորտի պատասխանատուները։ ՀՀ ՔԿ նախագահը շրջել է շենքում, ծանոթացել նոր աշխատանքային պայմաններին։

Քննչական վարչության նոր վարչական շենքը կահավորվել է, ապահովվել ժամանակակից տեխնիկայով, ինտերնետ-կապով և համակարգչային ներքին ցանցով: Տարածքն ունի 26  աշխատասենյակ, այդ թվում՝ անչափահասների հարցաքննության համար նախատեսված սենյակ, իրեղեն ապացույցների պահման սենյակ, նիստերի դահլիճ և ճանաչման սենյակ:

ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը շեշտեց, որ քննիչների աշխատանքային պայմանների բարելավումը միջոց է՝ քննության արդյունավետությունը, որակը բարձրացնելու համար:

Հայկ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ Կառավարությանը՝ շենքի հիմնանորոգման համար բյուջեից գումար հատկացնելու համար:

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել՝ Կոմիտեի տարածքային ստորաբաժանումների աշխատանքային պայմանները բարելավելու ուղղությամբ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am