1000х90.jpg (78 KB)

WCIT 2019-ը կազմակերպվելու է ամենաբարձր մակարդակով. Տիգրան Ավինյանը հանձնաժողովի նիստ է անցկացրել

Armenpress 19:48, 29 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ հուլիսի 29-ին անցկացվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2019»-ի (WCIT 2019) կազմակերպչական աշխատանքների իրականացման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:

Սկսելով նիստը՝ փոխվարչապետը ընդգծել է, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը կազմակերպվելու է ամենաբարձր մակարդակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, նիստի մասնակիցները քննարկել են համաժողովի օրակարգին, արձանագրված նախնական արդյունքներին և առկա մարտահրավերներին, հաստատված բանախոսներին և այլ թեմաներին վերաբերող հարցեր: Առանձին անդրադարձ է եղել նախարարական կլոր սեղան-քննարկման կազմակերպման ընթացքին:

Քննարկման ընթացքում արձանագրվել է, որ, հաշվի առնելով, որ համաժողովին մասնակցելու են ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններ և ոլորտում ուղղություն թելադրող անձինք, նրանց համար պետք է հնարավորություններ ստեղծվեն բացահայտելու Հայաստանում առկա ներդրումային հնարավորությունները ու ուսումնասիրելու հայաստանյան ընկերությունների հետ շահավետ համագործակցության հեռանկարները:

Ամփոփելով է նիստի արդյունքները՝ Տիգրան Ավինյանը համապատասխան հանձնարարականներ է տվել և նախանշել կազմակերպչական հետագա քայլերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am