Հարյուրավոր սփյուռքահայ պատանիներ կհարստացնեն Հայաստանի մասին գիտելիքները «Քայլ դեպի տուն» ծրագրով

Armenpress 18:56, 29 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քայլ դեպի տուն» ծրագրի շրջանակում, որն անցկացվելու է հուլիսի 1-ից օգոստոսի 25-ը, աշխարհի տարբեր ծայրերից` Ֆրանսիայից, Բրազիլիայից, Շվեյցարիայից, Կիպրոսից, Իրանից, Ռուսաստանից  և մի շարք այլ երկրներից Հայաստան եկած պատանիներն ապրելու են  Գրողների Ծաղկաձորի ստեղծագործական տանը և հնարավորություն են ունենալու կատարելագործել մայրենիի իմացությունը` հայոց լեզվի արագացված դասընթացների միջոցով:

Նրանք ճանաչելու են Հայաստանն ու հայերին` այցելելով պատմական հայրենիքի պատմամշակութային հուշարձաններ, հանդիպելով մշակույթի և այլ ոլորտների հետաքրքիր ներկայացուցիչների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 29-ին Ծաղկաձորում:

«Մասնակիցներին սպասում է հյուրընկալ հայրենիքը: Իրականացվելու են բազմաթիվ ծրագրեր, կազմակերպվելու են ծանոթություններ Հայաստանում և սփյուռքում ապրող հայրենակիցների հետ: Նախատեսվում են ճանաչողական այցեր  պետական և մասնավոր կրթական հաստատություններ»,- նշեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Նա ընդգծեց, որ իրենց առաջնային նպատակը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումն է:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Ծրագրի գործընկեր «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովհաննիսյանի խոսքով`  իրենք հետաքրքիր կրթական ծրագրեր են մշակել, հաշվի են առել մասնակիցների տարիքը, հայոց լեզվի իմացության մակարդակն ու, ըստ դրա, նրանց բաժանել խմբերի: «Դասերը ստեղծագործական մթնոլորտում են անցնում և արվում  է ամենը, որ երեխաները չձանձրանան ու սիրով սովորեն»,- նշեց նա ու հավելեց, որ պատանիները դասերի ընթացքում շատ են մտերմանում ուսուցիչների հետ ու  կապը չեն խզում ծրագրի  ավարտից հետո:

Մոսկվայից 14-ամյա Սուսաննան ասաց, որ նախկինում եղել է հայրենիքում: «Ծրագրի ընթացքում շատ եմ ուզում նոր վայրեր բացահայտել, ծանոթանալ Հայաստանի բնաշխարհին, մշակույթին, պատմությանը: Ինձ հատկապես հետաքրքիր են տեղի թանգարանները, որոնցում դեռ չեմ եղել: Շատ ոգևորված եմ, որ հայոց լեզու ենք սովորելու: Խոսել գիտեմ, բայց ցանկանում եմ նաև գրել ու կարդալ իմանալ»,- խոստովանեց Սուսաննան:

Մեկ այլ 14-ամյա մասնակից Մելինեն շեշտեց, որ սիրում է ճանապարհորդել ու վաղուց էր ուզում լինել Հայաստանում, նոր ընկերներ ձեռք բերել: «Շատ կցանկանամ այցելել Դսեղ` Հովհաննես Թումանյանի ծննդավայր, քանի որ նրա հեքիաթների գիրքն ունեմ: Կարևորում եմ նաև հայոց լեզվի դասընթացներին մասնակցելը, որովհետև  կարողանում եմ գրել ու կարդալ, բայց հետաքրքիր է ավելին իմանալ»,- նկատեց մասնակիցը:

Ծրագիրն իրականացվելու է երկու փուլով: Առաջին փուլին մասնակցելու է 209, իսկ երկրորդ փուլին՝ 190 պատանի՝ 3 տասնյակ երկրից:  Նախաձեռնության բոլոր ծախսերը  հոգալու է ՀՀ կառավարությունը:

«Քայլ դեպի տուն»-ն իրականացնում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am