Դեսպան Մկրտումյանը հանդիպել է «Etihad Airways»-ի գործադիր տնօրենի հետ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանը հուլիսի 28-ին հանդիպել է էմիրաթական Etihad Airways ավիաընկերության գործադիր տնօրեն Թոնի Դուգլասի (Tony Douglas) հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Իթիհադ ընկերության միջև ավիափոխադրումների ոլորտում համագործակցության հաստատման հնարավորություններն ու ուղիները: Դեսպանը ներկայացրեց Հայաստանում քաղավիացիայի ոլորտում վերջին շրջանում նկատվող դրական միտումները, Հայաստանի կողմից վարվող բաց երկնքի քաղաքականությունը, ինչպես նաև ծառայությունների առկա հնարավորություններն ու ներուժը:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց փոխշահավետ համագործակցության հաստատման նպատակով շարունակել քննարկումները ոլորտի մասնագետների միջև: