ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը դրական տեղաշարժ է նկատում Վրաստանի հետ հարաբերություններում

Armenpress 12:49, 26 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դրական տեղաշարժ է նկատում Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Գրիգորյանն ասաց հուլիսի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսում:

«Վրաստանի առումով ունենք մեծ դրական տեղաշարժ: Վարչապետի առաջին այցը հենց Վրաստան է եղել, և այս առումով շատ կարևոր մեսիջ է եղել վրացական կողմի համար: Ակտիվ աշխատում ենք բոլոր ուղղություններով: Եվ անվտանգության ուժերը, և գործադիրի տարբեր ճյուղեր ակտիվ աշխատում են Վրաստանի հետ` հասկանալու տնտեսական հնարավոր ուղղությունները, որոնցով կարող ենք Վրաստանի հետ համագործակցել»,- ասաց Գրիգորյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընտրվելով 2018թ. մայիսի 8-ին, մայիսի 30-ին երկօրյա պաշտոնական առաջին օտարերկրյա այցը կատարեց Վրաստան: Այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ ունեցավ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների վերջին այցն էլ Վրաստան եղել է hուլիսի 24-25-ը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am